Քաղաքացիները հավաքվում են Մաշտոցի պուրակում։ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող փակ ճանապարհի վերաբերյալ «Բացում» քաղաքական նախաձեռնությունը հանրային քննարկում է հրավիրել։ Նախաձեռնության ներկայացուցիչների պնդմամբ՝ հանրային քննարկումը հստակ ուղերձ ունի» Նախաձեռնության առաջնային նպատակն է բացել Բերձորի փակ միջանցքը և Արցախը կապել Հայաստանին ու աշխարհին։
«Հայ հանրության տարբեր շերտերի համար խնդիրները շատ են ու տարբեր, իսկ պատճառները՝ բազմաթիվ, բայց եկեք դրանք մի կողմ դնենք՝ հանուն միասնության։
Ինչպե՞ս հասնել մեր առջև դրված նպատակին․հավաքվել, քննարկել ու միասին լուծումներ փնտրել: Վստահաբար, հանրային տարբեր խմբերն ու անհատներն ունեն տարբեր մոտեցումներ ու առաջարկներ, բայց դրանք պետք է ճշգտրվեն, հղկվեն և ընդունվեն բոլորի կողմից, որպեսզի ծառայեն նպատակին և իրականություն դառնան:
Մեր պատկերացմամբ, Հայաստանի խաղաղության և ժողովրդավարության, հզորացման ու զարգացման հասնելու ճանապարհը պայքարն է հանուն Արցախի հայկական մնալու իրավունքի»,- կարծում են նախաձեռնության անդամները։
Նշենք, որ երեկ Երևանի կենտրոնում իրազեկման մի քանի ակցիաներ են եղել այսօրվա քննարկման հետ կապված։
«Մենք դասակարգել ենք ու փորձել հասկանալ՝ ինչպես կարելի է նպաստել կամ հենց ինքներս բացել Լաչինի միջանցքը։ Առաջին տարբերակն այն է, որ քայլելով կամ ինչ-որ այլ ձևով գնալ ու բացել միջանցքը։ Երկրորդ տեսակն այն է, որ միջազգային հանրությունը այնպիսի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ ադրբեջանցիները ստիպված դուրս գան այնտեղից։ Երրորդ տեսակն այն է, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որը փակողների առաջ կստեղծի փակուղու վիճակ ու ստիպված կլինեն ուղղակի արդեն դուրս գալ։ Այս տարբերակը տարբեր դրսևորումներով կարող է լինել։ Օրինակ ենթադրենք օդային ճանապարհով բեռնափոխադրումներ են իրականացվում կամ մարդկանց փոխադրումներ են իրականանում, հետևաբար անիմստ է դառնում արդեն միջանցքի փակ պահելը։ Մենք պիտի քննարկենք այս տարբերակները ու ընտրենք այն տեսակը, որը թույլ կտա հնարավորինս արդյունավետ իրականացնել մեր ուզածը»,- իր ելույթում նշեց ակտիվիստ Նարեկ Այվազյանը։
«Իրականում 4-րդ տարբերակն էլ կա։ Դա այն տարբերակն է, որ նախորդ երեք տարբերակներով փորձենք ինչ-որ միքս անենք»,- հավելեց նա։