Անգլիացի գրող երգիծաբան, հրապարակախոս, պոետ եւ հասարակական գործիչ Ջոնաթան Սուիֆթը ծնվել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում՝ 1667 թվականի նոյեմբերի 30-ին:
Նա ծնվել է Դուբլինի աղքատ բողոքական ընտանիքում: Հայրն աշխատել է դատական համակարգում՝ ցածր պաշտոն զբաղեցնելով եւ մահացել է որդու ծնունդից առաջ՝ ընտանիքին թշվառ վիճակում թողնելով: Դպրոցն ավարտելուց հետո Սուիֆթն ընդունվել է Դուբլինի Թրինիթի քոլեջը՝ ստանալով բակալավրի աստիճան, ինչը, սակայն, չի փոխել նրա թերահավատ մոտեցումը գիտությանը:
1692 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը՝ ստանալով մագիստրոսի կոչում, իսկ 1694 թվականին անգլիական եկեղեցում ստացել է հոգեւոր աստիճան: Ջոնաթան Սուիֆթն ապրել է Իռլանդիայում եւ եղել է Դուբլինի Սուրբ Պատրիկ տաճարի ավագ քահանան:
Գրողը հայտնի է 4 մասից բաղկացած «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպով, որում ծաղրուծանակի է ենթարկում մարդկային եւ հասարակական արատները: