Ազգային ժողովի աշխատակակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ. Նարիբեկյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2023 թվականի փետրվարի 3-ից Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչությանը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- ասված է որոշման մեջ:
Mediahub.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք Նարիբեկյանի ազատումը կապված է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության փակ նիստի հետ և որոշումն այդ ժամանակ է կայացվել, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանն ասաց՝ ոչ, որոշումը եղել է դեռ դեկտեմբերին։
«Դեկտեմբերին Ալեն Սիմոնյանն ու Նարիբեկյանը համաձայնության են եկել, որ նա կհեռանա պաշտոնից»,- նշեց նա։
Նշենք, որ Վահան Նարիբեկյանին կփոխարինի Դավիթ Առաքելյանը։
MediaHub-ը հիշեցնում է, որ Դավիթ Առաքելյանը ՔՊ֊ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ընկերն է, որի մասին դեռ ամիսներ առաջ մամուլը գրել էր։