Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ-կառավարություն այս տարվա առաջին հարցուպատասխանը:
Պատկերն առավել, քան տխուր էր: Ներքին ու արտաքին մարտահրավերների մեջ ներքաշված երկրում ԱԺ- կառավարություն հարցուպատասխանը 40 րոպե էլ չտվեց: Սա բացահայտում է Հայաստանում իշխանության ու տիտղոսային ընդդիմության բացակայության փաստը:
Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ ուշագրավ մի հայտարարությամբ՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին:
«Ադրբեջանի նախագահի հայտարարություններին իմ վերջին ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձել եմ… Այդ հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն, էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն և այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա: Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարում, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ այդ հայտարարությունները հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ասում է, որ Հայաստանը պատրաստ է գնալ կարգավորման՝ արևմտյան առաջարկությունների հիման վրա:
Այս հայտարարությունն, իհարկե, հակասում է Փաշինյանի մեկ այլ հայտարարության, որ Հայաստանը պատրաստ է գնալ կարգավորման՝ ռուսական առաջարկություններով:
Այս համատեքստում հարց է առաջանում՝ ի՞նչ դիրքորոշում ունի Փաշինյանը ԼՂ հեռանկարի մասին, մանավանդ, որ կարգավորման արևմտյան տարբերակը ենթադրում է Ադրբեջանի սուվերենիտետ Արցախի նկատմամբ:
Այս հարցի պատասխանը մենք, իհարկե, չլսեցինք՝ չնայած Փաշինյանի տողատակից հասկանալի է, որ Հայաստանը «ձեռքերը լվանում» է Արցախից՝ բախտի քմահաճույքին թողնելով մեր հայրենակիցների ճակատագիրը: