Փաշինյանը հրաժարվեց Ղարաբաղից, մեղավոր հանեցին Ռուսաստանին. ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎ

«Իրավունքը» զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, քաղաքագետ ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎԻ հետ:
— Պարոն Կոլերով, Արցախում տեղի է ունենում էթնիկ զտում: Աշխարհի աչքի առջեւ կոտորում, սպանում են հայերին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Իհարկե, բացասական եմ վերաբերվում Արցախում տեղի ունեցող էթնիկ զտմանը:
— Ի՞նչ եք կարծում Արցախում ռուսական բազայի վրա հարձակվելը, ռուս խաղաղապահների կորուստը պատահականությո՞ւն էր:
— Այն նախաքննությունը, որը հիմա տարվում է, ուղղակիորեն, ցույց է տալիս, որ դա պատահականություն չէ…
— Ըստ Ձեզ, ո՞վ է փորձում Հայաստանում խաթարել Ռուսաստանի ազդեցությունը:
— Նիկոլ Փաշինյանը… Նա մինչեւ իշխանության գալը եւ իր կառավարման ընթացքում ոչ միայն Ռուսաստանի ընկերը չի եղել, այլ եղել է թշնամին: Եվ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի հաջորդ քայլը: Նա միտումնավոր ուզում է Հայաստանը ՆԱՏՕ մտցնել: Եվ դա կանի:
— Ի՞նչ եք կարծում կհաջողվի՞:
— Ո՛չ , ՆԱՏՕ-ն չի ընդունի: Թուրքիան չի թողնի, որ Հայաստանը ՆԱՏՕ մտնի:
— Մեր երկրում հիմա հակառուսական տրամադրություններ են: Մի մասը մեղադրում է Ռուսաստանին` ստեղծված իրավիճակի համար, իսկ մյուս մասն էլ` Փաշինյանին: Ի՞նչ կասեք առկա մեղադրանքների վերաբերյալ:
— Մենք մոտավորպես 15 տարի առաջ Հայաստանի բոլոր մարզերում եւ Երեւանում համազգային սոցիալական հետազոտություն անցկացրեցինք: Մոտ 17 հազար մարդ մասնակցեց այդ հարցմանը, որտեղ ասվում էր՝ պատրա՞ստ են իրենց բարեկեցության մի մասը նվիրատվություն կատարեն Ղարաբաղի անկախության համար: Միայն 19 տոկոսը համաձայնվեցին: Այսինքն՝ գնացքը վաղուց էր գնացել: Հայաստանը 35 տարի պայքարեց Ղարաբաղի համար, իսկ հիմա պարտության համար ինչ-որ մեկը պե՞տք էր մեղավոր լիներ: Դեռեւս 1997 թվականին այն ժամանակվա ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասում էր` պետք է վերանայել Լեռնային Ղարաբաղի տարածքային հարցերը: Նրան անիծեցին եւ վռնդեցին: Իսկ հիմա պարզվեց, որ նա ճիշտ էր: Եվ բացի այդ, նա ավելի ճիշտ էր, քան հիմա, որովհետեւ Փաշինյանն ամբողջությամբ հրաժարվեց Ղարաբաղից: Իսկ այն ժամանակ Լեւոն Հակոբովիչը առաջարկում էր այլընտրանքային լուծումներ: Այն, որ լեգիտիմ ճանապարհով, մեծամասնական ձայներով ընտրություն անցած ՀՀ իշխանությունը հրաժարվեց Ղարաբաղից, կասկածներ չկան: Այնպես որ, այստեղ, իհարկե, բացի հայերից ինչ-որ մեկին պե՞տք է մեղավոր նշանակվեր: Եվ նրանք մեղավոր հանեցին Ռուսաստանին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ