Օրեր առաջ փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակում էր տեղի ունեցել, ոստիկանությունը նյութեր էր նախապատրաստում։
«Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը դեռեւս տեղեկություն չունի, որ քրեական գործ է հարուցվել․ «10 օր ժամանակ կա նյութեր նախապատրաստելու հետ կապված, այդ ժամանակի կեսն էլ չի անցել եւ կարծում եմ՝ այս պահին դեռ նորմալ է, որ քրեական գործ հարուցված չէ»։Նա նաեւ նշեց, որ քրեական գործ պետք է հարուցվի խուլիգանության հոդվածով․ «Ինչպես փաստաբան Տիգրան Աթանեսյանն, այնպես էլ ես այդ տեղեկությունների հիման վրա, որոնք հասու են հանրությանն, այն կարծքին ենք, որ էստեղ մենք գործ ունենք խուլիգանության հետ։ Ես կարծում եմ, որ այդ ամենը կլանվում է խուլիգանության հանցակազմի մեջ։ Իմ պատկերացմամբ՝ այստեղ մենք գործ ունենք խուլիգանության հանցակազմի հետ»։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ժամը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են հնչեցրել փաստաբանի հասցեին ու հեռացել: