Վրաստանի կառավարությունը հրաժարական Է տվել՝ նկատի առնելով, որ նոր խորհրդարանն սկսել Է աշխատանքը: Դեկտեմբերի 11-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կառավարությունը վայր Է դրել իր լիազորությունները: Այսուհետև վարչապետը և ամբողջ կաբինետը պաշտոնակատարներ են»,- ասել Է մամուլի ծառայության աշխատակցուհին:
Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 11-ին, Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստին զուգահեռ, Ուսանողների պալատում հավաքված ընդդիմությունը ստորագրել է երեք փաստաթուղթ: Այս մասին գրում է Грузия Онлайн կայքը:
Առաջին փաստաթուղթը հայտարարություն է ամբողջ ընդդիմության կողմից առ այն, որ ընտրությունները կեղծվել են, և իրենք չեն ճանաչում հոկտեմբերի 31-ի ընտրությունների արդյունքները, նույն փաստաթուղթը ներկայացնում է ընդդիմության հիմնական պահանջները, ներառյալ արտահերթ ընտրություններ:Երկրորդ փաստաթուղթն այն կոնկրետ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարություններն են, որոնք ընտրությունների արդյունքում ստացել են մանդատներ, բայց հրաժարվում են այդ մանդատներից և չեն մտնում խորհրդարան:
Երրորդ փաստաթուղթը կուսակցական հայտարարություն է, որով նրանք դիմում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիային ՝ կուսակցությունների ցուցակների գրանցումը չեղյալ հայտարարելու համար:
Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի են ունեցել երկրի խորհրդարանական ընտրությունները, խորհրդարան են անցել 7 կուսակցություն և երկու քաղաքական դաշինք. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը (48,15% ձայներով), «Ուժը միասնության մեջ է» դաշինքը` (27,14%), «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (3,78%), «Լելո» կուսակցությունը` (3,15%), «Աղմաշենեբելի ռազմավարություն» դաշինքը` (3,15%), «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը` (3,14%), «Գիրչի» կուսակցությունը` (2.89%), «Քաղաքացիներ» կուսակցությունը` (1,33%) և Լեյբորիստական կուսակցությունը (1%):