Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Соловьёв LIVE յութուբյան ալիքի եթերում հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ իր զարմանքը հայտնելով ադրբեջանական զինուժի կողմից ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ նրա հայտարարությանը:
Ճիշտ եմ արդյո՞ք հասկանում, որ Հայաստանի վարչապետի, Հայաստանի նախագահի գործը չէ մեկնաբանել այն ամենն, ինչ տեղի է ունեցում Ղարաբաղում: Ճիշտ եմ արդյո՞ք հասկանում, որ Հայաստանի նախագահը, Հայաստանի վարչապետն իրենց իրավասու չեն համարում մեկնաբանելու ինչպես, երևի, դուք եք կարծում, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցողը: Այսինքն, հիմա ձեզ համար Ղարաբաղ չկա՞: Երևի թե հիմա ամբողջը համարում ե՞ք Ադրբեջանի տարածք»,- հարցադրում է արել Սոլովյովն՝ անդրադառնալով Մանե Գևորգյանի հայտարարությանը, որ ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: