![]()
![]()
![]()
Սարալանջ․ նարեկաբուժությամբ հրաշքներ գործող գյուղը
Արագած լեռան հյուսիս-արևմտյան փեշերին փռված Սարալանջ գյուղը Շիրակի մարզի այն եզակի տեղանքներից է, որտեղ ուխտավորների պակաս չկա։
Հյուրընկալ, գողտրիկ գյուղը գովազդի կարիք ամենևին չունի․ Հայաստանի տարբեր բնակավայրերից մարդկանց այստեղ բերում է սուրբ գրքով՝ «Նարեկ»-ով բժշկվելու, զորանալու պահանջը։
Ամեն չորեքշաբթի եկեղեցի է բերվում բազում մարդկանց բուժած, հրաշագործություններ կատարած սուրբ գիրքը՝ 1700 թվականների «Նարեկ»-ը, որը եղել է գյուղի քահանայի՝ Տեր Հարությունի ձեռքի գիրքը։ Այն տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից, երբ 1828-1829 թթ․-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Կարսից, Մուշից, Ալաշկերտից գաղթելով՝ հիմնել են Սարալանջը։
Սարալանջի և հարակից համայնքների հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նազարյանն ասում է՝ լինում են դեպքեր, երբ ծանր վիրահատության պատրաստվող մարդիկ նախ գալիս են բժշկության աղոթքներ լսելու, «սուրբ գրքով զորանալու», որից հետո վիրահատությունները բարեհաջող են անցնում։
Եկեղեցու մոմավաճառը՝ Հեղինե Մարգարյանն էլ, որը գյուղի աղջիկ է, հարս, կնքվել է եկեղեցում, պատմում է․ «Միշտ հարցնում եմ՝ որտեղի՞ց եք գալիս, կան մարդիկ, որոնք լսել են մեր գյուղի մասին, բայց շատերն իրենց երազներում են տեսել ու տեսիլքի հուշումով գյուղ հասել։
Չգիտեմ՝ որ մի դեպքը թվարկեմ, Վանաձորից էլ են եկել, Արցախից էլ են եկել, չեմ կարող մանրամասն հիշել բոլոր պատմությունները, թե որի հետ ինչ խնդիր կար, բայց որ մարդիկ գոհ հեռացել են, դա փաստ է։
Երկու տղաներ էլ ունենք, անունները Նարեկ, որոնք ծնվել են ուխտագնացությունից հետո։ Մի ընտանիք կար, 12 տարի երեխա չէր ունենում, քահանան գիրքը կարդաց ամուսինների գլխին ու ասաց՝ մյուս տարի այս ժամանակ եթե Նարեկ անունով երեխայի հետ չեկաք էստեղ, էլ իմ բոլորը չերևաք։ Մեկ էլ մի գեղեցիկ օր տեսնենք երեք ամսական Նարեկին բերում են մեր եկեղեցի՝ կնքելու։
44 օրյա պատերազմից հետո էլ մեր «Նարեկ»-ը բազում զինվորների է բուժել, օգնել է մոռանալ պատերազմի արհավիրքը։
Սուրբ գիրքը՝ «Նարեկ»-ը եղել է այս եկեղեցու գիրքը։ Տեր-Տերտերյանների թոռը՝ Հարությունը, եկեղեցում աշխատել է քահանա, իսկ երբ Խորհրդային տարիներին եկեղեցին փլուզեցին, պահեստի վերածեցին, գիրքը տեղափոխեցին իրենց օջախ, Նարեկացի անունով իրենց սրբում դրեցին։ Հետո տանտերերը գնացին Ռուսաստան, գիրքը մնաց իրենց սրբի անկյունում: Այժմ պահվում է տիրոջ դստեր տանը»:
Մենք այցելեցինք նաև այն տունը, որտեղ պահվում է «Նարեկ»-ը։ Տանտիրուհին՝ Տիգրանուհի Հովհաննիսյանը, պատմեց, որ իր պապական գիրքը՝ «Նարեկ»-ը բուժել է նաև իր եղբորը, ով խոստացել էր տղա երեխա ունենալու դեպքում նրան անվանել Նարեկ, այդպես էլ արեց:
Գրքի զորությունն ամեն վայրկյան ես զգում եմ, բազմաթիվ ուխտագնացների ենք հյուրընկալում, բոլորը դրսից են։ Եղել է դեպք, երբ «Նարեկ»-ը գլխին դնելուց հետո կինը հղիացել է, երեխայի անունը ի պատիվ սուրբ գրքի՝ Նարեկ են դրել ու խոստման համաձայն՝ մազերը յոթ տարի չեն կտրել։ Յոթ տարի անց եկել, մեր տան սրբի մեջ են կտրել։
Գիրքը երազ է գնում ու քայլ առ քայլ ցույց տալիս, թե որտեղ գտնեն իրեն, իմ մամաս էլ հաճախ երազում տեսնում է Նարեկին։ Մեր սուրբը երիտասարդ տղա է՝ սպիտակ շորերով։ Մեզ էլ են դիմում բժշկվելու համար, բայց գյուղի եկեղեցու քահանա Տեր Եղիշեն է գիրքը կարդում և ուխտագնացներին բուժում։ Զորեղ գիրք է»,-պատմեց Տիգրանուհի Հովհաննիսյանը։
📍 Նյութը պատրաստեց` Նունե Արևշատյանը