Երեկ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Սոչիում կայացած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը։Սա Պուտինի և Էրդողանի 2-րդ հանդիպումն էր՝1 ամսվա ընթացքում։
Օրակարգում՝փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող 6 հարց էր ընդգրկված,որոնց թվում էր՝Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիան։Անկարան այստեղ փորձում է ստանալ Մոսկվայի աջակցությունը։Քննարկվել են նաև ռուս-ուկրաինական պատերազմը,այսպես կոչված «հացահատիկի միջանցքը»,ռազմաարդյունաբերական և էներգետիկ համագործակցության հետ առնչվող հարցեր,ինչպես նաև իրավիճակն Աֆղանստանում և Լիբիայում։Բանակցությունները տևել են ավելի քան 4 ժամ։Պուտինը և Էրդողանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հավաստմամբ,Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները քննարկել են նաև ֆինանսատնտեսական բնույթի հարցեր։Նրա խոսքերով,կողմերը եկել են համաձայնության,որ Անկարան այսուհետ՝ռուսական գազի դիմաց մասամբ վճարելու է ռուբլով։Այսպիսով կարելի է արձանագրել,որ ՌԴ և Թուրքիայի նախագահների հանդիպումը արդյունավետ է եղել 2-ու երկրների համար և կողմերին ընդհանուր առմամբ հաջողվել է հաղթահարել կնճռոտ հարցերը։Բանակցությունների նախաշեմին բավականին ուշագրավ հոդված էր հրապարակել ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» օրաթերթը։Հղում կատարելով ուկրաինական հետախուզական տվյալների վրա,պարբերականը գրում է,որ ռուսաստանյան իշխանությունները խնդրանքով դիմել են պաշտոնական Անկարային՝օգնելու շրջանցել Մոսկվայի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները։Ռուսաստանը,մասնավորապես,առաջարկել էր Թուրքիային,թույլ տալ իր երկրի քաղաքացիներին մասնաբաժիններ գնել թուրքական նավթամշակման գործարաններում և տերմինալներում,ինչը կօգներ Մոսկվային հաղթահարել Եվրամիության սահմանած նավթային արգելափակումը։Մոսկվան նաև կոչ էր արել Անկարային թույլ տալ՝թուրքական խոշոր բանկերում ռուսաստանյան ազդեցիկ ֆինանսական կառույցների հաշվեհամարներ բացել։Թե ինչպես էր այս ամենին արձագանքել պաշտոնական Անկարան՝մնում է անհայտ։Իսկ արևմտյան պաշտոնյաները,«The Washington Post» թերթին տեղեկացրել էին,որ Թուրքիային ուղղված ռուսաստանյան այս առաջարկությունների մասին իրենց ոչինչ հայտնի չէ։Ինչևէ…
Էրդողանի և Պուտինի հանդիպման նախաշեմին,շատ էր խոսվում այն մասին,որ 2-ու երկրների ղեկավարները չեն շրջանցելու նաև արցախյան հիմնախնդիրը և մասնավորապես,Ադրբեջանի ագրեսիվ,սադրիչ գործողությունների արդյունքում,հակամարտության շփման գծում առաջացած լարվածությունը։Ու թեև շատ կցկտուր տեղեկություններ կան այս մասին,այնուամենայնիվ դժվար է պատկերացնել,որ կողմերը կարող էին կարող էին շրջանցել արցախյան թեման,քանի որ այն փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում և սա,կարծում եմ,պարզ է բոլորին։Ինչպես հայտնի է,միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանը,այսօր մեծ կախվածություն ունի Թուրքիայից ու թեև 2-ու երկրների միջև կան բազմաթիվ անհամաձայնություններ,սակայն միայն այն փաստը,որ Անկարան այնուամենայնիվ չմիացավ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներին,արդեն իսկ որոշակի հիմքեր է ստեղծում փոխշահավետ համագործակցության համար։Այս հանգամանքը,սակայն չի կարող մեզ չանհանգստացնել,քանի որ 2-ու երկրների միջև՝քաղաքական առևտրի դեպքում,Հայաստանը կարող է շատ լուրջ վտանգների առջև հայտնվել։Անկարան քաջ գիտակցում է Մոսկվայի ներկայիս խոցելի վիճակը,ինչի հետևանքով մանևրելու դաշտը վերջինիս համար զգալիորեն կրճատվել է։Եվ այս պարագայում,Թուրքիան ձգտելու է մաքսիմալը ստանալ Ռուսաստանից,հատկապես կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում։Որքանո՞վ է ՌԴ-ը պատրաստ զիջելու իր դիրքերը և ի՞նչ է իր հերթին պահանջելու Թուրքիյաից,սա էլ ցույց կտան մոտակա իրադարձությունները։Բոլոր դեպքերում,մենք անհանգստանալու պատճառներ հաստատ ունենք։Եվ սա պետք է հստակորեն գիտակցենք։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)