Պաշտպանության նախարարության նախկին շենքը վթարային է, և վտանգավոր է այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՊՆ նախկին շենքը ՊԵԿ հաշվեկշռում է, այդ պատճառով այնտեղի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ու պահանջում, որ կոմիտեն իրենց հարցմանը պատշաճ պատասխանի, այլապես կպահանջեն Բադասյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները կասկածում են, որ ՊՆ նախկին շենքը վթարային է, նրանք պահանջում էին իրենց տրամադրել տեխնիկական հետազոտության արդյունքները։
«Ամեն անգամ այս հարցերին արձագանքելիս չեմ հասկանում` ինչ կարևոր է` ՊԵԿ–ի, ՊՆ–ի, թե մեկ այլ կառույցի հաշվեկշռում է։ Պետական գույքն ունի օգտագործման կանոններ, այդ շենքն էլ վթարային է, և բավականին լուրջ անվտանգային խնդիրներ կան։ Այնտեղ նույնիսկ ժամանակավոր գտնվելը վտանգավոր է կյանքի ու առողջության համար։ Որքանով տեղյակ եմ, պատկան գերատեսչությունները որոշ անձանց ապահովել են կացարանով և այլ սոցիալական միջոցառումների շրջանակում զբաղվել կամ զբաղվում են այդ մարդկանց խնդիրներով»,– նշել է Բադասյանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը 2022 թվականի մայիսին ՊՆ–ի նախկին շենքը փոխանցել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռին։ 2022 թվականի սեպտեմբերից քիչ–քիչ շենքում ընտանիքներ են հայտնվել (հիմնականում սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ)։
Քաղաքացիները հունվարի 23-ին փակել էին Երևան–Աշտարակ մայրուղին` պահանջելով միացնել հունվարի 20-ին անջատած հոսանքը, բայց որևէ էական արդյունքի չէին հասել։ Ոչ ոք նրանց հետ բանակցելու չէր եկել, ոստիկանությանն էլ հաջողվել էր բացել ճանապարհը։