Բոլորի համար հասկանալի է, որ պետությանը պարտության տարած, պետական համակարգն ամբողջովին կործանած, ո՛չ մշակույթ, ո՛չ պատմություն, ո՛չ եկեղեցի հարգող մարդը չի կարող լինել երկրի ղեկավար։ Կարևոր է, որ սա գիտակցի յուրաքանչյուր քաղաքացի։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում ambion-news.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
Նրա խոսքով՝ սա իշխանության կռիվ չէ, կուսակցական կռիվ չէ․ «Պետք է փորձել և ամեն ինչ անել ՀՀ պետականության վերականգնման համար, պետական համակարգը նորից ոտքի հանելու համար, և որ ամենակարևորն է՝ նորից ոտքի հանել հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացուն, և հեռացնել երկիրն ու ՀՀ քաղաքացուն ծնկի բերած իշխանությանը»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե ըստ իշխանության ներկայացուցիչների՝ սա այն ժամանակը չէ, որ պետք է վարչապետը հեռանա, քանի որ այս պահին տնտեսական խնդիրներ կան, հետպատերազմական շրջան է, քաղաքացին արձագանքեց, թե իշխանականներն իրենց պետք է հարց տան՝ ինչպես է ստացվել, որ Հայաստանը հայտնվել է նման վիճակում, որ պետարազմը նման կերպ է ավարտվել։
Ընդդիմությունն ասել է՝ հիմա չի ուզում արտահերթ ընտրություններ, ցանկանում ենք, որ մեկ տարի երկիրն ունենա նորմալ գործադիր մարմին, և դրանից հետո կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասաց նա։
Հարցին՝ իր կարծիքով՝ Վազգեն Մանուկյանն այն մարդն է, որը կկարողանա՞ երկիրն այս վիճակից հանել, քաղաքացին արձագանքեց, որ 90-ականներին, երբ Հայաստանն անկախանում էր, Վազգեն Մանուկյանն ապացուցել է, որ կարող է և պետք է լինի պետության հիմնասյուներում։
«Վստահ եմ՝ նա կարող է ոտքի հանել երկիրը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեկ տարվա ընթացում հնարավոր չէ Հայաստանը Սինգապուր կամ Շվեյցարիա դարձնել, բայց այս պահին մեզ պետք է անձ, որը, առնվազն, վարկաբեկված չէ ներքաղաքական դաշտում, արտաքին քաղաքական դաշտում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ քաղաքացիները Երևանի Կասյան փողոցից «Արժանապատվության երթով» շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։