Իմ ունեցած տեղեկությունները շատ չեն տարբերվում հայտնի տվյալներից. Գիշերը քնած են եղել, իրենցից մեկը որոշել է, որ կրակը պետք է ուժեղացվի եւ 5 լիտրանոց տարայով լցրել է, որից հետո բռնկվել է ինքը, ու վախից շպրտել է տարան եւ ամբողջ սենյակն այրվել է: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հունվարի 19-ին Ազատ գյուղում զինվորների կացարանի միջադեպին, որի հետեւանքով 15 զինվոր է զոհվել:
«Նաեւ զինծառայողների պատմածներից է այդպիսի տպավորություն: Չեմ ուղում շատ բաներ պատմել, որովհետեւ զուտ անձնական զրույց է եղել: Թող նախքաննությունը գնա, բոլոր մեղավորները նաեւ քրեաիրավական պատասխանատվություն կկրեն»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ պաշտպանության նախարարը պաշտոնանկ չի արվել, թեեւ սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր պահանջում էին կառավարության, հատկապես Պապիկյանի հրաժարականը, ԱԺ նախագահն ասաց. «Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որեւէ ձեւով չի կարող կապ ունենալ, որովհետեւ իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքը ամբողջովին արել է: Այդ քաղաքական սակարկումները նախարարի վերաբերյալ սին ու անտեղի եմ համարում: Այն բարեփոխումները, որ պարոն Պապիկյանն իրականացնում է եւ նաեւ այն պատասխանատվությունը, որ նա իր վրա վերցրել է պատերազմից հետո, համաձայնություն տալով այդ վիճակում բանակը վերցնելու եւ բարեփոխումներ սկսելու:
Հարցին, թե բարեփոխումների օրինակ կբերե՞ք, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ դուք ամեն ինչ բաց եք թողնում, ձեզ ավելի լավ է ներկայացնեք վատ բաները: Բարեփոխումներ արվել են սկսած անձնակազմի փոփոխությունից, վերջացրած կահավորումից, որը բոլոր տեղերում փոխվել ու փոխվում է: Մենք հիմա նաեւ դրսից տարբեր որակի ու տարբեր բարձր մակարդակի կահավորում ենք ներմուծելու Հայաստան»: