Եվրոպական միությունը Թուրքիայի հարցում կրկին խուսափողական վարքագիծ դրսևորեց։ Այդ փաստը չպետք է զարմացնի մեզ։ Չնայած հայտարարություններին, տեսլականներին և խոստումներին, որոշումները, ի վերջո, կայացվում են շահերից ելնելով, գրում է հունական Ekathimerini թերթի գլխավոր խմբագիր Թոմ Էլիսը։
Սա է իրականությունը, այնպես է կառուցված ԵՄ-ն, ուստի չափազանց կարևոր է՝ հասարակության մեջ չսերմանել չափազանցված սպասումներ։ Մեզ հիմա պետք է փաստերի սթափ և անկեղծ շարադրանք:
Բոլոր կառավարությունները կարծում են, որ անհրաժեշտ է իրադարձությունները ներկայացնել ավելի լավ լույսի ներքո։ Սակայն տվյալ դեպքում նման մոտեցումը սխալ ազդանշան է ուղարկում մեր գործընկերներին և վնաս հասցնում երկրի ներսում կառույցի հեղինակությանը, կարծում է հոդվածագիրը։
Նրա խոսքով՝ ԵՄ վերջին գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ արտահայտված ցանկացած բավարարվածություն ակնհայտորեն սխալ է մեկնաբանվում Բեռլինի և այլ մայրաքաղաքների կողմից, որոնք Աթենքին խանգարեցին հասնել ցանկալի արդյունքի:
Որպեսզի համոզիչ լինի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ճակատում, կառավարությունը պետք է զուսպ լինի իր ցանկություններում, իրատեսական լինի կոնկրետ նպատակների համար և չափավոր լինի իր հռետորաբանության մեջ: Հենց այսպիսի մոտեցումն է պահանջում ներկա իրավիճակը, գրում է Էլիսը՝ նշելով, որ ինչ վերաբերում է ԵՄ-ի՝ պատժամիջոցները մինչև «հաջորդ գագաթնաժողով» հետաձգելու մշտական մարտավարությանը, ապա դա արդեն նյարդայնացնող ու հոգնեցնող է։
Զարմանալի չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապեց մեծ վստահություն հայտնել, որ հաջորդ գագաթաժողովից էլ ոչ մի վնաս չի լինի, գրում է նա։
ԵՄ-ին անդամակցությունը հսկայական առավելություններ ունի՝ ֆինանսական, քաղաքական և դիվանագիտական։ Բայց դա էլ սահմաններ ունի։ Կառավարությունը և մեր քաղաքական կուսակցությունները, և ինչ-որ չափով լրատվամիջոցները, պետք է հաշվի առնեն ամբողջ պատկերը և գործեն համապատասխանաբար։ Նրանք պետք է իրատեսական նպատակներ ներկայացնեն և մեթոդաբար աշխատեն հասարակական կարծիքի ձևավորման ուղղությամբ՝ նրանց արդարացիորեն ասելով, թե, ամենայն հավանականությամբ, ինչպես կզարգանան իրադարձությունները, հավելում է հոդվածագիրը