Չեմպիոնների լիգա. <<Ռեալը>> մտավ փլեյ-օֆֆ, իսկ <<Ինտերը>> դուրս մնաց եվրագավաթներից
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում ավարտվեց խմբային փուլը: Վերջին՝ 6-րդ տուրի ավարտական խաղերում սկզբունքային նշանակություն ունեին 4 հանդիպում:
Նախ, Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն հետաձգված խաղում 5:1 հաշվով սեփական դաշտում ջախջախեց Թուրքիայի չեմպիոն «Բաշաքշեխիրին» և իր խմբում գրավեց առաջին տեղը:
Այնուհետև միմյանց հետ հանդիպեցին D խմբում 2-րդ տեղի համար պայքարող «Այաքսն» ու «Ատալանտան»: Իտալական ակումբը հյուրընկալվելիս նվազագույն 1:0 հաշվով հաղթանակ տարավ և «Լիվերպուլից» հետո նվաճեց փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը:
Առավել անորոշ վիճակ էր B խմբում, որտեղ երկու ուղեգրերի համար պայքարում էին չորս թիմեր: Մադրիդի «Ռեալն» իր հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային», վաստակեց 10 միավոր, շրջանցեց հենց իր մրցակցին և բարձրացավ 1-ին տեղ: Իսպանական ակումբից կարող էր առաջ անցնել միայն Դոնեցկի «Շախտյորը», եթե այն հյուրընկալվելիս հաղթեր Միլանի «Ինտերին»:
Սակայն Ուկրաինայի չեմպիոնը ոչ-ոքի՝ 0:0 խաղաց իտալական ակումբի հետ և բավարարվեց 3-րդ տեղով: Փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը բաժին հասավ գերմանական ակումբին, որը «Շախտյորից» առաջ անցավ գնդակների դրական բալանսի հաշվին: Իսկ ահա «Ինտերը», որը Իտալիայի առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը, դուրս մնաց եվրագավաթներից:
Այդպիսով, չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ մտան 6 երկրների ներկայացուցիչներ, 4 –ական ակումբ Իսպանիայից և Գերմանիայից, 3-ական՝ Իտալիայից ու Անգլիայից, մեկական՝ Ֆրանսիայից և Պորտուգալիայից: Փլեյ-օֆֆի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Խմբերում առաջին տեղերը գրաված թիմերը կհանդիպեն 2-րդ հորիզոնականի թիմերի հետ: Վերջիններիս թվում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», Մադրիդի «Աթլետիկոն» և «Սևիլյան»: