Մեղրը համարվում է առողջարար մթերք, սակայն այն պետք է մեծ զգուշությամբ ներառել երեխաների սննդակարգում։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է մանկաբույժ, գաստրոէնտերոլոգ Եվգենյա Սուխաչովսկայան։
Բժշկի խոսքով՝ մեղրը հզոր ալերգեն է, հետևաբար երեխային առաջին անգամ այս մթերքը տալիս հարկավոր է հաշվի առնել նախկինում սննդամթերքի այլ տեսակների նկատմամբ ալերգիկ ռեակցիաների առկայությունը։ Եթե նախկինում ալերգիկ ռեակցիաներ են նկատվել, ապա մինչ երեխայի սննդակարգում մեղր ներառելը հարկավոր է խորհրդակցել ալերգոլոգի հետ։
«Մեղրը կարող է վտանգավոր լինել փոքր երեխաների համար (հատկապես մինչև մեկ տարեկան) բոտուլիզմով վարակվելու վտանգի պատճառով։ Բացի այդ, մինչև երեք տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում օգտագործել ֆրուկտոզայով հարուստ մթերք շաքարային դիաբետի նկատմամբ հակվածության բարձր հավանականության պատճառով։ Երեխայի սննդակարգում մեղր ներառելու լավագույն տարիքը երեք տարեկանն է»,- նշել է մանկաբույժը։
Ինչպես ընդգծել է բժիշկը, մեղրը երեխայի սննդակարգում հարկավոր է ներառել շատ փոքր քանակությամբ՝ լուծելով այն գոլ ջրի, թեյի կամ կաթի մեջ կամ ավելացնելով կաթնաշոռին կամ շիլային։ Եթե օրվա ընթացքում երեխայի վիճակը չի փոխվում, չի նկատվում ցան կամ այլ կասկածելի ախտանշաններ, ապա հաջորդ օրը մեղրի քանակությունը կարելի է մի փոքր ավելացնել՝ աստիճանաբար հասցնելով այն օրական մեկ կամ երկու թեյի գդալի: Կարևոր է հիշել, որ մեղրի ամենօրյա օգտագործումը պետք է սահմանափակվի մեկ ամսով, որից հետո երկու-երեք շաբաթ ընդմիջում է հարկավոր անել։