Սկսած Քեյնսի ժամանակներից, այսինքն՝ 1930-ական թվականներից, երկրների կառավարություններն իրենց վարած տնտեսական քաղաքականության արդյունավետության համար վերջնական նպատակ եւ ինդիկատոր են համարում իրենց երկրների հասարակություններին ամբողջական զբաղվածությամբ ապահովումը։ Շատ քիչ հավանականություն կա, որ նման իրավիճակ երբեւէ կարող է առաջանալ որեւէ երկրում, նույնիսկ եթե աշխատաշուկայում առաջարկը գերազանցի պահանջարկին, քանի որ մշտապես կգտնվեն մարդիկ, ովքեր տարատեսակ պատճառներից ելնելով աշխատանքի կարիք չեն ունենա եւ հետեւաբար՝ չեն աշխատի։ Երբեմն տնտեսագետները նաեւ ասում են, որ երկրներին անհրաժեշտ է բնական գործազրկությունը՝ 1-2 տոկոսի չափով, որպեսզի առողջացվի նրանց ներքին աշխատաշուկան։