Խոսքս ուղղում եմ ՀՀ ոստիկանապետ պարոն Վահե Ղազարյանին։ Հարգելի պարոն Ղազարյան, մենք գիտենք, որ դուք Նիկոլ Փաշինյանի դասընկերն եք, գուցե ընկերն եք, գուցե անգամ իրեն ընտանիքի անդամի պես եք ընդունում: Ես ձեզ մի հարց եմ ուզում տալ. եթե ձեր ընտանիքի մի անդամը հետեւողականորեն կործանում է ձեր ընտանիքի մյուս անդամներին, դուք շարունակելու եք ոչինչ չանել ու նայե՞լ: Այս մասին քիչ առաջ ՀՀ ոստիկանության շենքի մոտ ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։
Նշենք, որ ընդդիմության երթը քիչ առաջ ոստիկանության շենքի մոտ էր, ավելի վաղ Փաշինյանի հրաժարականը պահանջողները նաեւ եղել էին ՀՀ գլխավոր դատախազության մոտ։ «Դուք պարտավոր եք կանգնել ժողովրդի կողքին, որպես պատվախնդիր սպա կատարել այն, ինչ պահանջում է ՀՀ շահը: Հետեւեք այն ոստիկաններին, որոնք դուրս են գալիս համակարգից, որ չդառնան գործիք»,- ասաց Հովհաննիսյանը։
«Դուք կոչված եք պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները: Դուք այս պահից սկսած պետք է դադարեք դառնալ այդ խելագարի ձեռքի գործիքը եւ կատարել իր որոշումները: Ձեր մեջ կան բազմաթիվ արժանապատիվ մարդիկ, որոնք օրենքի շրջանակում են աշխատում: Կան մարդիկ, որ դուրս են եկել համակարգից՝ պահելով պատիվը, չկատարելով ապօրինի հրահանգներ: Դուք պարտավոր եք գործելու օրենքի շրջանակներում, հակառակ դեպքում դուք կիսելու եք իր դավաճանական գործողությունները, որն իրականացրել է մեր պետության գլխին»,- այս մասին էլ իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։