Շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղի․Ն․Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ասուլիսը սկսեց գույժով, նա հայտարարեց, որ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղի։
«Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և իհարկե, կան որոշակի այլ տվյալներ», — ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ն չի, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և դա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին։
«Միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է վտանգը նոր էսկալացիայի, և հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը, ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և ԼՂ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն», — ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ներկայացրեց նաև այսպես կոչված խաղաղության պայմանագրի «կարմիր գծերը»։
Վարչապետի խոսքով՝Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հստակ ժամկետների առկայությունն ու տեսանելիությունը իրականում լավ նորություն է, ոչ թե վատ նորություն։
«Եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 1–2-3 օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է, ոչ թե վատ նորություն, որովհետև դա նշանակում է, որ բանակցային գործընթացներով մենք ունեցել ենք առաջընթաց և հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց որը, այնուամենայնիվ, արդյունք է, որը պիտի ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում։Խաղաղության պայմանագրի նախագծի մեկ տարբերակ կա միայն, փետրվարի կեսին խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ Հայաստանի արձագանքը փոխանցվել է Ադրբեջանին, 2-3 օր առաջ ստացվել է Ադրբեջանի արձագանքը՝ նախագծի վերաբերյալ։
Եվ ի՞նչ կարող եմ ասել այդ փաստաթղթի առումով։ Կարող եմ ասել հետևյալը․ կա՞ արդյք առաջընթաց փաստաթղթում։ Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման և հարաբերություննների հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը, հասկանալիորեն և տրամաբանաբար, կարմիր գիծ է մեզ համար։