Շախմատի Հայաստանի առաջնություններում առաջատարները մնացին անփոփոխ
Շախմատի տանն այսօր կայացավ Հայաստանի շախմատի առաջնության 7-րդ տուրը։ Առաջատարներն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մրցաշարերում, մնացին անփոփոխ:
Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, որն ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց Տիգրան Լ. Պետրոսյանի հետ և վաստակեց 5 միավոր: Նրան հաջորդում են 4 շախմատիստ, որոնք հետ են մնում կեսական միավորով: Նրանք են Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Կ. Հարությունյանը և Արամ Հակոբյանը: Հենց այս հնգյակն էլ կպայքարի չեմպիոնի կոչման համար:
Վաղը կայանալիք 8-րդ տուրի կենտրոնական պարտիայում Մանուել Պետրոսյանը սևերով կհանդիպի Տիգրան Կ. Հարությունյանի հետ: Սկզբունքային է նաև Ռոբերտ Հովհաննիսյան – Արամ Հակոբյան մրցախաղը:
Կանանց մրցաշարում առաջատարը գրոսմայստեր Մարիա Գևորգյանն է, որը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր: Նա այս տուրում ոչ-ոքի է խաղացել Վերոնիկա Խաչատրյանի հետ: Առաջատարից կեսական միավորով հետ են մնում երկու շախմատիստուհի՝ Արփինե Գրիգորյանը և Սուսաննա Գաբոյանը, որոնք հաղթանակ են տարել ընթացիկ փուլում:
Վաղը նախատեսված 8-րդ տուրում Մարիա Գևորգյանը սպիտակներով կմրցի Աստղիկ Հակոբյանի հետ, որը 4 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Արփինե Գրիգորյանը կմրցի Վերոնիկա Խաչատրյանի, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ Ասյա Եդիգարյանի հետ: