Սերբիայի և մասամբ ճանաչված Կոսովոյի միջև հարաբերությունները ծայրաստիճան լարված են և իրավիճակը ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից։Փորձենք հասկանալ,թե ինչումն է խնդիրը։ Եվ այսպես,երկար
տարիներ առաջ Սերբիայից անջատված և մասամբ ճանաչված Կոսովոյի վարչապետը հայտարարել էր,որ Կոսովոյում և Մետրոհիայում բնակվող սերբերը մինչև սեպտեմբերի 30-ը պետք է վերագրանցեն իրենց մեքենաները՝համապատասխան Կոսովոյի օրենքների։Այնուհետև Սերբիայի նախագահն իր հերթին հայտնել էր,որ Պրիշտինան նախատեսում է սեպտեմբերի 30-ից մուտքի արգելք սահմանել՝սերբական ներքին փաստաթղթեր ունեցողների վրա։Այս իրավիճակը հանգեցրեց նրան,որ երկու երկրների միջև առկա առանց այն էլ լարված հարաբերությունները,էլ ավելի սրվեցին՝Եվրոպայում ստեղծելով պատերազմի նոր օջախի առաջացման վտանգ։Կոսովոյի իշխանությունները հայտարարեցին,որ մտադիր չեն հրաժարվել վաղօրոք նախանշած իրենց ծրագրերից,իսկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դարձյալ հանդես եկավ բավականին մտահոգիչ հայտարարությամբ,որը կարծում եմ,նախ և առաջ միջազգային հանրությանն էր ուղղված,ակնկալելով նրանց միջամտությունը՝խնդրի խաղաղ հանգուցալուծման համար։Վուչիչը,մասնավորապես նշել էր,որ Կոսովոյի բանակը պլանավորում է հարձակման անցնել,ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։«Կարծում եմ,որ մենք երբեք չենք եղել ավելի բարդ ու ծանր վիճակում,քան այսօր։Պրիշտինայի ռեժիմը փորձում է օգտագործել աշխարհում տիրող տրամադրությունները,ներկայանալով որպես զոհ»,-հայտարարել էր Սերբիայի առաջնորդը։ Աշխարհի կարևորագույն կենտրոնները,բնականաբար չէին կարող չարձագանքել այս ամենին,քանի որ Եվրոպայի սրտում նոր պատերազմի բռնկումը,ոչ մեկի շահերից չի բխում և կարող է ավելի խորացնել ճգնաժամը՝Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա առանց այն էլ չափազանց բարդ հարաբերություններում։Այստեղ էլ աշխարհի հզորների դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են միմյանցից։Արևմուտքը՝ԱՄՆ գլխավորությամբ աջակցում է Կոսովոյին,իսկ Ռուսաստանը՝Սերբիային։Եվրոպական հանձնաժողովի նախագահը,փորձելով մեղմել իրավիճակը,կոչ արեց կողմերին՝խնդրին լուծում տալ երկխոսության ճանապարհով։Եվրամիությունը,նրա հավաստմամբ,պատրաստ է աջակցել այս գործընթացին։Համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև ռուսաստանյան կողմը։Սակայն,պաշտոնական Մոսկվայի կողմից տարածած հայտարարության մեջ ոչ թե դեէսկալացիայի կոչ էր արվում,այլ ուղղակի մեղադրանքներ էին հնչեցվում արևմտյան երկրների հասցեին։«Ռուսաստանը կոչ է անում Կոսովոյին,ինչպես նաև ԱՄՆ-ին և Եվրամիությանը,որոնք կանգնած են նրա հետևում,դադարեցնել սադրանքները և հարգել սերբերի իրավունքները Կոսովոյում»,-իր ելույթում ընդգծել էր ՌԴ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մի խոսքով,իրավիճակը շարունակում է մնալ բարդ և անկանխատեսելի։Սերբիայի ՊՆ-ը հավաստիացրել է,որ այդ երկրի զինված ուժերը չեն հատել Կոսովոյի և Մետրոհիայի հետ վարչական շրջանը։Իսկ որոշ ռուսաստանյան ԶԼՄ-ի հաղորդման համաձայն,Կոսովոյում տեղակայված ՆԱՏՈ-ի զորքերը բարձր պատրաստվածության են բերվել։Այս ամենի ֆոնին,Կոսովոյում Միացյալ Նահանգների դեսպանը կոչ էր արել այդ երկրի իշխանություններին,հետաձգել վիճահարույց որոշումը,որը նոր պատերազմի առաջացման պատճառ կարող է դառնալ։Պաշտոնական Պրիշտինան որոշեց այդպես էլ վարվել և հետաձգեց իր այդ նախաձեռնության կիրառումը։Բայց,եկեք մի բան հասկանանք,որ հետաձգել դեռ չի նշանակում չեղարկել,և ուրեմն իրավիճակը Բալկաններում շարունակելու է մնալ լարված ու անորոշ։Այսպիսով կարելի է արձանագրել,որ նոր պատերազմի բռնկման ռիսկը շարունակում է մնալ բավականին բարձր և ոչ ոք ոչինչ բացառել չի կարող։ Արթուր Օգանեզով (Ambion-News-ի քաղաքական վերլուծաբան)