Նիկոլ Փաշինյանի արդարացման հերթական փորձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարան էր եկել կառավարության 2020թ.-ի գործունեության հաշվետվությունը ներկայացնելու նպատակով, բայց Փաշինյանը շեղվեց թեմայից և խոսեց արցախյան 44-օրյա պատերազմում տեղի ունեցած դեպքերից: Փաշինյանը ելույթ ունենալիս իր խոսքում վրիպեց, ասելով՝ «Ֆրանսիայի նախագահ Պուտին», «2021 թվականի 44-օրյա պատերազմ» և այլն: Փաշինյանը մեկ այլ հայտարարությամբ «Ադրբեջանի տարածքներ» անվանեց Արցախի ազատագրված շրջանները՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 19-ին պատրաստ է եղել վերադարձնել դրանք: Նա մասնավորապես նշեց.«Ես զանգահարել եմ ՌԴ նախագահին եւ ասել եմ, որ մենք հրադադար ենք ուզում՝ Ադրբեջանի տարածքները վերադարձնել՝ 5+2 ձեւաչափի պայմանով», ապա փաշինյական ոճով սկսեց արդարացնել՝ սեփական ձախողումը՝ նա հերթական անգամ ԱԺ ամբիոնից հորինած պատմություն պատմեց՝ ասելով. «Կարո՞ղ է զանգել ասել են՝ տանկերը քշեք Երեւան, ձեր թշամին հրապարակում է»: Վարչապետը անդրադարձավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020թ.-ի նոյեմբերի 17-ի հայտարարությանը՝ ընդգծելով, որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի: Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ի իր ուղերձում Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ ներկայացրել է հայկական կողմի կորուստներն ու ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այդ ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում կունենանք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Ինչո՞ւ է վարչապետը Օնիկ Գասպարյանի հայտարարությունը հերքում ամիսներ անց: Նշենք, որ Օնիկ Գասպարյանը Armlur.am-ի հետ զրույցում արձագանքել է վարչապետի հայտարարությանը՝ ասելով. «ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և օգտագործելով իշխանական լծակները՝ հանրությանը մոլորության մեջ են գցում։ Ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը»։ Վարչապետի երեկվա ելույթը պայմանականորեն կարելի է անվանել նախընտրական ելույթ: Նիկոլ Փաշինյանը փորձում է առիթներն օգտագործել, որպեսզի իրեն ուղղված մեղադրանքները հետ շրջի և ջրից մեղմ ասած՝չոր դուրս գա, այսինքն՝մեղավոր են բոլորը, իսկ ինքը ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Նիկոլ Փաշինյանի ելույթը ծայրից-ծայր արդարացում էր, համեմված պոպուլիստական հերթական ճառերով։
error20