Նիկոլ Փաշինյանը շարունակում է հակառուսական քաղաքականությունը. Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է առաջարկ՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Նա նաեւ նշել է. «Ինչպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, այնպես էլ Փաշինյանի այս հակառուսական քայլը տեղավորվում է Պրահայում ընդունված, ապա Մյունխենում վերահաստատված որոշման մեջ։
Հայաստանի համար անվտանգային այլընտրանք չապահովելով՝ Փաշինյանի թշնամացնում է ՀՀ–ն ՌԴ–ի հետ ու փաստացի ՀԱՊԿ–ից դուրս գալու քաղաքականություն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար հղի է լինելու ողբերգական հետևանքներով։ Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում, քանզի ինքը բացառապես իր անձնական երաշխիքների հարցով է զբաղված՝ իր տեղն ապահովելով Բելառուսի նախագահի խամաճիկային թեկնածու Տիխանովսկայայի կողքին։