Սերբիայում ընթացող շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությունում այսօր կկայանան նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստները, ավաղ, բավական ետ են մնացել առաջատարներից: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը 9 հնարավորից վաստակել են 6-ական միավոր և այժմ բաժանում են 34-79-րդ տեղերը: Նրանք միանձյա առաջատար Ալեքսեյ Սարանայից ետ են մնում 1,5, իսկ նրան հետևող 7 շախմատիստներից՝ 1 միավորով: Ուստի, անգամ առաջին տասնյակ մտնելու համար մերոնք պետք է վերջին երկու տուրերում տանեն միմիայն հաղթանակներ:
Սակայն, մեր շախմատիստները, այնուամենայնիվ, հասել են որոշակի հաջողությունների: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը,
Մամիկոն Ղարիբյանը և Վահե Դանիելյանը լրացրել են միջազգային գրոսմայստերի, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ միջազգային վարպետի նորմա:
Այսօր կայանալիք 10-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը կմրցի 18-ամյա գրոսմայստեր Վոլոդար Մուրզինի, իսկ Հայկ Մարտիրոսյանը 18-ամյա թուրք շախմատիստ Էդիզ Գյուրելի հետ: Ռոբերտ Փիլիպոսյանի մրցակիցը նույնպես Թուրքիայից է: