Մարտի 26-ին Մարալիկում կրկին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններին այս անգամ կմասնակցի 4 քաղաքական ուժ: «Քաղաքացիական պայմանագիրը», «Ազգ-համայնք» դաշինքը, որը կգլխավորի Անիի նախկին համայնքապետ Արտակ Գեւորգյանը, «Իմ հզոր համայնք» ցուցակը գլխավորում է Արմենակ Նաջարյանը և «Հայկական երազանք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Ագուն Սաղաթելյանը։
ՏԻՄ ընտրություններին հաշված օրեր են մնացել, հետևաբար փոխվել է նաև պայքարի ձևն ու բովանդակությունը։
Մարալիկից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ իշխող Քաղաքացիական պայմանագիրը տարբեր լծակներով փորձում է իրենց թեկնածուի համար քվե ապահովել և դրան հասնելու համար ոչնչի առջև կանգ չի առնում։ՔՊ-ական Արման Սարիբեկյանի անձնական փիառով զբաղվում են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, վարչապետի օգնական Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաև Շիրակի մարզից ընտրված պատգամավորները։Շաբաթ-կիրակին նվիրված է Արման Սարիբեկյանի մեծարմանը, փաստորեն մի թեկնածուի համար ամբողջ իշխանական թիմը գալիս են Մարալիկ ու սկսում քաղաքացիներից ձայն մուրալ, թերևս ինչպես միշտ է եղել այս պրոցեսում օգտագործվում են դպրոցներում, մանկապարտեզներում և առհասարակ պետական ապարատում աշխատող մարդիկ, որովհետև կամ պիտի իրենց թեկնածուի համար ձայն բերեն, կամ աշխատանքից ազատման դիմում գրեն։Իշխանական թիմի քմահաճույքներին ամենաշատը տեղի են տալիս հատկապես նրանք, ովքեր հայկական բանակում զինվոր ունեն։