Ախորժակի վատթարացումն առավել հաճախ նկատվում է 2-5 տարեկան երեխաների մոտ։ Ընդ որում՝ երեխայի ինքնազգացողությունը նման դեպքերում լավ է լինում, նա գանգատներ չի ունենում։ Այս մասին medikforum.ru-ի հետ զրույցում ասել է մանկական գաստրոէնտերոլոգ Մարինա Մյագկովան՝ նշելով՝ ինչ է հարկավոր անել երեխաների մոտ ախորժակի անկման դեպքում և ինչ հետազոտություններ է պետք անցնել խնդրի պատճառը հայտնաբերելու համար։
«Ախորժակը մեծացնող դեղամիջոցներ, համենայն դեպս այս տարիքի համար, գոյություն չունեն։ Կան հետազոտություններ, որոնց միջոցով կարելի է ստուգել մարսողության գործառույթներն ու ֆերմենտները», — նշել է մասնագետը՝ հավելելով, որ առաջին հերթին կարելի է կղանքի ու մեզի հետազոտություն անցնել, ինչը թույլ կտա գնահատել աղեստամոքսային տրակտի աշխատանքն ու ըստ դրա հասկանալ՝ կա արդյոք արյան հետազոտության կարիք։
Մասնագետի խոսքով՝ ճիշտ կլինի ուսումնասիրել երեխայի բժշկական քարտն ու ամբողջական անամնեզը։ Բացի այդ, անպայման հարկավոր է ստուգել արյան մեջ վիտամինների ու միկրոտարրերի քանակությունն ու գնահատել դրանց դեֆիցիտի աստիճանը, քանի որ վատ սնվելու դեպքում նման դեֆիցիտներ, ամենայն հավանականությամբ, կլինեն։ Նման դեպքերում հարկավոր է անպայման լրացնել անհրաժեշտ տարրերի պակասն այլ ախտաբանությունների զարգացումից խուսափելու համար։
Շատ կարևոր է նաև երեխայի սննդակարգի օրագիր ունենալը, ինչը թույլ կտա վերլուծել օրական օգտագործվող կալորիաների քանակը, սննդի ընդունման ժամերն ու օգտագործվող սննդամթերքի քանակությունը։
Մասնագետի խոսքով՝ ախորժակի բացակայության պատճառը հայտնաբերելու համար հարկավոր է համալիր հետազոտություն, ուստի վերոնշյալ հետազոտությունների արդյունքներով ու օրագրով հարկավոր է դիմել գաստրոէնտերոլոգին կամ ներզատաբանին։