Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե ՀՀ կառավարության և Մայր Աթոռի ջրերը նույն առվով չեն կարող հոսել, Հայաստանը աշխարհիկ պետություն է և սրանով ամեն ինչ ասված է։
«Ասում եք՝ «ջրերը նույն առվով չեն հոսում»։ Էդ ջրերը նույն առվով չեն կարող հոսել, որովհետև դրանք տարբեր «առուներ» են, և այդ «առուները» պետք չէ խառնել իրար։ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, և սրանով ամեն ինչ ասված է»,- ասել էր Փաշինյանը։
Նաև ավելացրել. «Հայաստանի Հանրապետությունում կա մի իշխանություն, և դա ժողովրդին պատկանող իշխանությունն է»։
Հերթական անգամ Փաշինյանը սեպ խրեց եկեղեցու հետ հարաբերությունների մեջ: Այսպես կոչված հեղափոխությունից հետո սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը ի ցույց է դնում ընդդեմ եկեղեցու իր դիրքորոշումը:
Ինչպե՞ս եկեղեցին կարձագանքի այս անգամ. MediaHub-ը դիմեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին։
«Այսօր, երբ հայրենիքը գտնվում է խիստ տագնապալի իրավիճակում, անտեղի ենք համարում նման խնդրահարույց և անօգուտ հայտարարություններին անդրադարձ կատարել»,-պատասխանեց նա։
Ի դեպ, այս պատասխանը մեզ չզարմացրեց, քանզի եկեղեցին, չգիտես ինչու, խուսափում է արձագանքել Նիկոլ Փաշինյանին՝ բացառությամբ մի քանի հոգևորականների, որոնք կաշկանդված չեն իրենց կարծիքն արտահայտել:
Մինչդեռ ի պատասխան լրագրողի հարցին, թե կա՞ն արդյոք հարցեր, որոնց շուրջ Մայր Աթոռն ու ՀՀ իշխանությունները իրար հետ չհամընկնող դիրքորոշումեր ունեն, Փաշինյանը պատասխանել էր․
«Կարող են լինել այդպիսի բազմաթիվ հարցեր»։