«Լենկոմ» թատրոնի տնօրենը հայտնել է ռուս դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, 79-ամյա Իննա Չուրիկովայի մահվան մասին։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը։
«Իննա Միխայլովնա Չուրիկովան մահացել է, դա տեղի է ունեցել կես ժամ առաջ հիվանդանոցում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Դերասանուհին 79 տարեկան էր։
Իննա Չուրիկովան ծնվել է 1943 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ նրա մայրը տարհանված էր Բաշկիրական ԻԽՍՀ Բելեբեյ քաղաք։ Տասնհինգ տարեկան հասակում մասնակցել է Մոսկվայի Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնին կից երիտասարդական ստուդիայի ներկայացումներին։
Իննա Չուրիկովայի առավել հայտնի կինոդերերից են նրա աշխատանքները «Մորոզկո», «Կրակի միջով ճանապարհ չկա», «Սկիզբ», «Այն նույն Մյունխհաուզենը», «Վասա», «Ռազմադաշտային սիրավեպ», «Ցրիչը», «Ադամի կողը», «Ապուշը», «Առաջին շրջանում», «Շիրլի-միրլի» ֆիլմերում։
2007-2009 թվականներին եղել է Անդրեյ Տարկովսկու անվան «Զերկալո» միջազգային կինոփառատոնի նախագահը, որն ամեն տարի անցկացվում է Իվանովո քաղաքում (Ռուսաստան)։
Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի անդամ է, Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։