Այսօր՝ մարտի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, և կան վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր Տիչինա փողոցի 20 տան մոտից հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու՝ 1 կնոջ և 1 տղամարդու։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։