Հայաստանի ծանրորդները 2023թ մրցաշրջանին կսկսեն նախապատրաստվել գալիք հունվարի 16-ից: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի տղամարդկանց գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Տղամարդկանց թիմը տարվա առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Երևանի օլիմպավանում, իսկ կանանց թիմը՝ Աբովյանում: Դրանք կտևեն մինչև հունվարի 29-ը:
Ինչպես տեղեկացրեց Փաշիկ Ալավերդյանը, Հայաստանի ծանրամարտի անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն, քանի որ օլիմպիական հերթափոխի քոլեջի մրցադահլիճում, որտեղ ամեն տարի կազմակերպվում են այդ մրցումները, այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 15-23-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը: