«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ: — Պարոն Ներսիսյան, ի՞նչ կարծիք ունեք Արցախի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ: — Ցավալի է, բայց փաստ է, որ տիեզերական դավաճանության պատճառով այսօր հանձնվում է Արցախը… — Բայց չէ՞ որ իրականացվող քայլերից արդեն պարզ էր, որ նման վերջաբան կլինի: — Այո՛, ամեն ինչ վաղուց էր պարզ: Եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ ընդունում է թշնամի երկրի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, էլ ինչի՞ մասին ենք մենք խոսում: Դրան շարունակություն կա, եւ դա պետք է գար հասներ իր ավարտին: Հիմա այն, ինչ կատարվում է, այդ պատմության ավարտի ակորդներն են: Դա տիեզերական դավաճանություն է Արցախի, համայն հայության նկատմամբ: Ինձ համար Արցախ, Հայաստան տարբերություն չկա: Երկուսն էլ իմ հայրենիքն են: Ես չեմ զանազանում Արցախը Լոռիից կամ Տավուշից: — Դուք չեք զանազանում, բայց չէ՞որ կան մարդիկ, ովքեր մտածում են` Արցախը տանք, հանգիստ ապրենք… — Այսօր այդ կեղծ, սարքված, սուտ, շինծու խոսքը, որ ասում են՝ «Արցախը հանձնենք, Հայաստանը փրկենք», ոչ մի տեղ չտանող արտահայտություն է: Որ մորը հարցնես` քո զավակներից ո՞ր մեկին կտաս, ու նա տա: Դեռեւս Սեւակն է գրել. Ո՞ր մատդ կտրես՝ Պիտի շատ ցավի կամ պակաս ցավի: Էլ ի՞նչ ամենա… Ցավը նույնն է: Մեր թշնամին այսօր արդեն Հայաստանի սուվերեն տարածքում է: Հետո կտան Ջերմուկը, Տավուշը, Սյունիքը հետո էլ՝ Երեւանը: Կամ կասեն՝ այդ բոլորը տանք, որ Երեւանը պահենք: Ու կմնա միայն Մաշտոցի պողոտան… — Արցախում ապրող մեր հայրենակիցներն այսօր մնացել են միայնակ իրենց ցավի հետ: Ի՞նչ կասեք այս մասին: — Այսօր Արցախում ցեղասպանություն է: Մարդկանց կոտորում, սպանում, ոչնչացնում, տեղահան են անում մեզնից մի քանի կիլոմետր այն կողմ: Եվ թողնել մենակ, անպաշտպան Արցախում ապրող մեր հայրենակիցներին` դա ամոթ է… Մի՞թե կարելի էր այսպես ուրանալ Մոնթեի, Բեկորի, Ազգալդյանի, մեր տղերքի, հազարավոր նահատակների, Եռաբլուրում պառկած մեր հայորդիների արած գործը, հիշատակը: Ներելո՞ւ է Աստված որեւէ մեկին: Ոչ մեկիս չի ներելու: Ամեն մեկս մեր չափով մեղավոր ենք: Բայց նրանք, ովքեր կառավարել են, ղեկավարել են, իրենց ձեռքին է եղել ղեկը՝ դավաճանել են Արցախին, իրենց հայրենիքին, իրենց հող ու ջրին: Նրանք Ադրբեջանի եւ Թուրքիայի գործընկերներն են ու իրենց ազգի թշնամիները: — Մի քանի օր առաջ Դուք հրապարակային գրառում էիք կատարել եւ ընդգծել, որ ամոթի մեծ զգացում եք ապրում, որ հայ եք: Ի՞նչը Ձեզ ստիպեց այդպիսի կտրուկ արտահայտություն անել: — Ես հիմա էլ հպարտ եմ, որ հայ եմ եւ միշտ եմ հպարտ լինելու: Բայց այն, ինչ–որ ես եւ իմ հայրենակիցները տեսանք ու զգացինք՝ այս մեծագույն դավաճանությունը, ողբերգությունը, միայն մեծագույն ամոթի զգացում կարող է առաջացնել իրական հայի հոգում ու սրտում: Եվ այն, ինչ–որ մենք թույլ տվեցինք մեզ, չի ներվելու: Ողբերգություն էր ինձ համար նման զգացողություն ապրելը: Երբ դու հասկանում ես, որ կորցնում ես երազանքը, մեր հաղթանակներն ու ձեռքբերումները: Եվ այն հարվածը, որն այսօր հասցվեց Արցախին հայազգի դավաճանների կողմից, անդառնալի եւ անբուժելի կորուստ է: — Մեր երկրում տարվող հակառուսական տրամադրություններին ինչպե՞ս եք վերաբերում: — Այսօր աշխարհաքաղաքական պատերազմ է: Իսկ ես շատ եմ տեղեկացված, ու ինձ միշտ հետաքրքրել են աշխարհաքաղաքական զարգացումներն ու իրադարձությունները: Քանի որ այդ իրադարձություններից է կախված նաեւ իմ երկրի ճակատագիրը: Ինձ համար ե՛ւ ռուսամետներն են ծիծաղելի, ե՛ւ` արեւմտամետները: Պետք է առաջին հերթին հայամետ լինել: Կարեւորը՝ հայամետ լինելն է: Նա, ով մտածում է իր երկրի ճակատագրի, իր երկրի շահի մասին: Նոր դրանից հետո արդեն պետք է լինի ճիշտ դիվանագիտություն եւ բալանսավորված քաղաքականություն: Իսկ այսպիսի քաղաքականության դեպքում մենք կորցնում ենք մեր դաշնակիցներին: Եվ մնում ենք միայնակ աշխարհի կողմից մեզ նետված մարտահրավերների առաջ: Այսօր իշխող կառավարության կողմից վարվող քաղաքականությունը՝ ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին, պարտվողական է, ոչ պրոֆեսիոնալ, դավադիր եւ դավաճանական է: Ամենացավալին ու ամենաողբերգականն այն է, որ սա ավարտը չի: Այն իր շարունակությունն ունի: Եթե իրենց թվում է, որ Արցախը տան ու դրանով կավարտվի, սխալվում են: Այս կործանարար գործընթացը շարունակելի է: Եվ եթե չկանխվի, նոր ողբերգությունները եւ հայրենիքի կորուստն անխուսափելի են: ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Առողջապահության նախարարությունը քիչ առաջ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռի լուսանկարներ է հրապարակել։

Հիշեցնենք, որ առաջին ուղղաթիռը իջել է Սիսիանում, այնտեղից նրանք կտեղափոխվեն Երևանի բժշկական կենտրոն։

Share This