Իսպանիայում դատարանը Մալագա քաղաքում բնակվող գործարարին պարտավորեցրել է նախկին կնոջը 204 000 եվրո (215 000 դոլար) փոխհատուցում վճարել՝ 25 տարվա համատեղ կյանքի ընթացքում տանը կատարած գործերի և երեխաների խնամքի համար:
Ինչպես գրում է Oddity Central-ը, կինը, որն իր կյանքի 25 տարին նվիրել է ձեռնարկատեր ամուսնուն աջակցելուն և երկու դուստրերին խնամելուն, ստացել է 215 000 դոլար փոխհատուցում՝ այդ տարիների ընթացքում իր ամբողջ չվարձատրված աշխատանքի համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ զույգն ամուսնացել է 1995 թվականի հունիսին. հաջորդ ամիս նրանք ստորագրել են ակտիվների բաժանման պայմանագիր: Փաստաթղթում հիմնականում նշվում էր, որ ամուսիններից յուրաքանչյուրն ամուսնալուծության դեպքում պահպանելու է ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքի բացառիկ սեփականությունը: Արդյունքում պարզվել է, որ դա շատ ավելի ձեռնտու էր ամուսնուն, որը նախաձեռնել է բազմաթիվ բիզնեսներ, մինչդեռ կինն այդ ընթացքում զբաղվել է բոլոր տնային գործերով, խնամել իրենց երկու աղջիկներին:
«Նա ամունու ստվերում էր, աշխատում էր նրա թիկունքում, որպեսզի ամուսինը մասնագիտորեն աճի և ինչ-որ բան դառնա:Նա ամբողջ ժամանակն անցկացրել է՝ կենտրոնանալով իր ընտանիքի վրա, որպեսզի ամուսինը կենտրոնանա իր բիզնես նախագծերի վրա: Նա խնամում էր աղջիկներին, և երբեք դրսից որևէ օգնություն չի ստացել», — դատարանին ասել է կնոջ փաստաբան Մարտա Ֆուենտեսը:
Ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Մալագայի տարբեր համայնքներ՝ ելնելով ամուսնու աշխատանքային կարիքներից, բայց երբ վերջինս հրաժարվել է վճարել իր 16-ամյա դստեր բարձրագույն կրթության համար՝ ստիպելով նրան աշխատել ուսման վարձը վճարելու համար, կնոջ համբերությունը հատել է, և նա ամուսնալուծության հայց է ներկայացրել: Ամուսնական պայմանագրի շնորհիվ ամուսինը պահպանել է արժեքավոր ակտիվների մեծ մասը, մինչդեռ կինը սեփականության իրավունքով ստացել է ընդամենը տան կեսը:Իմանալով, որ իր նախկին ամուսնուն մնացել են արժեքավոր ակտիվներ, ինչպիսիք են շահութաբեր ձիթապտղի յուղի արտադրամաս, շքեղ մեքենաներ և այլ անշարժ գույք, իսկ ինքը ոչինչ չունի ցույց տալու իրենց 25 տարվա ամուսնության ընթացքում կատարած աշխատանքի դիմաց, կինը որոշել է դիմել փոխհատուցում ստանալու համար։
«Նա, ինչպես և շատ այլ կանայք, իր ողջ կյանքը նվիրել է իր դուստրերին, մինչդեռ ամուսինը ժամանակ ուներ իր մասնագիտական կարիերան զարգացնելու համար: Եվ կարևոր է, որ այն ժամանակը, որը կինը նվիրել է ընտանիքին, ոչ թե մասնագիտական կյանքին, արժեք ունենա», — ասել է Ֆուենտեսը:
Երկու տարվա դատավարությունից հետո դատավորը կնոջը 204 000 եվրո փոխհատուցում է նշանակել 25 տարվա ամուսնության ընթացքում տնային աշխատանքի համար, որը, կնոջ փաստաբանի խոսքով, ներկայացնում է 25 տարվա հաշվարկված նվազագույն միջին մասնագիտական աշխատավարձը: