Ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում գործող նախագահ Թայիփ Էրդողանի հաղթանակը վկայում է այն մասին, որ Թուրքիայում բավականին գլուխ են բարձրացրել ազգայնական տրամադրությունները։ Սա ենթադրում է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները պահպանվելու են ոչ միանշանակության սանդղակում, Անկարան էլ շարունակելու է ձգտել դեպի բազմաբեւեռ աշխարհակարգ։
New York Times-ում կարծում են, որ Էրդողանը կարողացավ այս ընտրություններում հաղթահարել իր քաղաքական կարիերայի մեծագույն մարտահրավերներից մեկը, որը փոփոխական եւ իր Արեւմտյան դաշնակիցների հետ հաճախ վիճաբանող լիդերին եւս հինգ տարի ապահովեց մնալ թուրքական պետության ղեկին։ Էրդողանն, ըստ էության, ինչպես նկատում են ամերիկացի վերլուծաբանները, կշարունակի մնալ որպես կարեւոր դերակատար ՆԱՏՕ-ում, ռուս-ուկրաինական պատերազմում, որպես Պուտինի հետ խոսելու ի վիճակի եզակի ՆԱՏՕ-ական երկրի ղեկավար, ինչպես նաեւ լիդեր, ով փորձելու է ամրացնել Թուրքիայի դիրքերը մահմեդական աշխարհում։
Washington Post-ի կարծիքով, Էրդողանը հաղթեց ու ցույց տվեց, որ իր կողմնակից կամ իրեն լոյալ ուժերը, այդ թվում նաեւ մահմեդական պահպանողականները, դարձել են կարեւոր հանգրվան թուրքական քաղաքական կյանքում եւ այդ ուժերի հետ հարկ է հաշվի նստել։ Միաժամանակ, ըստ պարբերականի, Էրդողանի առաջ խնդիր է դրված անել հնարավորը, որպեսզի երկիրը դուրս գա ֆինանսատնտեսական աղետալի վիճակից։
Vox պարբերականն էլ կարծում է, որ Էրդողանի հաղթանակը նշանակում է, որ թուրքական հասարակության մեջ աճել են ազգայնական տրամադրությունները եւ արձանագրում է, որ Էրդողանը համարվում է բազմաբեւեռ աշխարհի կողմնակիցներից մեկը եւ կշարունակի մնալ այդպիսին։
NBC-ի համար էլ, թուրք ընտրողը ուներ ռեալ հնարավորություն փոփոխություններ իրականացնել երկրում, սակայն կատարեց ընտրություն եւ Էրդողանը շարունակելու է մնալ Ռուսաստանի եւ Պուտինի մոտ բարեկամը, իսկ ՆԱՏՕ-ն կշարունակի հնարավորության սահմաններում աշխատել իր ամենահին դաշնակիցներից մեկի հետ։
Աբիսողոմ Տեր-Սարգիսյան