Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելուց հետո առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը անհանգիստ է, տեղը չի գտնում։Չնայած առաջին դեպքը չէ, որ ՔՊ-ական պատգամավորը ֆեյսբուքով, կամ այլ խողովակներով փոխհրաձգության մեջ է մտնում, քննադատում նախկին թիմակիցներին։
Նախ հայտարարեց, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի ցուցմունք տալ քովիդի աշխատանքների շուրջ հարուցված գործով։Սրանով ինքն իրեն կարծես թե ապահովագրում է իր անձի շուրջ մեղադրանքներից և այդկերպ խուսանավում է նաև քովիդի ժամանակ իր ղեկավարած գերատեսչության կողմից թույլ տրված սխալները։
Այսօր էլ Թորոսյանը ևս մի գրառում է արել՝մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ հարուցված քրեական վարույթներով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում ձերբակալություններն ու կալանավորումները հստակ հաղորդագրություն են ամբողջ պետական ապարատին, որ հանկարծ նախաձեռնողականություն չցուցաբերեն տարբեր հարցեր լուծելիս, որոշումներ չընդունեն, անվերջ քննարկումներ անեն տարբեր հարցերի շուրջ, իրենց լիազորությունների շրջանակներում եղած հարցերը չլուծեն, այլ միշտ թույլտվություն հարցնեն վերադասից, որովհետև վաղը կարող են հանիրավի մեղադրվել «որոշում կայացնելու համարձակություն» ունենալու համար: Մեր բազմաթիվ հայրենակիցներ են բախվել վերոշարադրյալ խնդրին, ավելին հաճախ լսել այդ չարաբաստիկ արտահայտությունը, որ «վերադասը պետք է որոշի այդ հարցի լուծումը», քանի որ ինքը վախենում է պատասխանատվությունից։
Թորոսյանի այս գրառումը ինչքան էլ ոչ միանշանակ էր, շատերը այն որակեցին, որպես խորտակվող նավից փախչելու նախաբան։