Հակաթուրքական ամերիկյան սանկցիաները Թուրքիայի տնտեսական վիճակը ավելի ծանրացնում են։ Այս իրավիճակում իշխանությունը մեղմ ասած՝ մանեւրելու մեծ հնարավորություն չունի։ Սակայն կարող է դիմել հին եւ փորձված մեթոդի՝ նոր ռազմական ավանտյուրա սկսել։ Մի շարք միջազգային լրատվական կենտրոններ արդեն արձանագրել են, որ ամենայն հավանականությամբ Էրդողանը նոր ռազմական ավանտյուրա կսկսի Լիբիայում, նախ սեփական երկրի տնտեսական դժվարություններից իր հանրության ուշադրությունը շեղելու համար, եւ ապա՝ այնտեղ հաստատված հրադադարից իր դժգոհությունը արտահայտելու համար։
Բանն այն է, որ 2019-20 թթ Էրդողանը Սիրիայում եղած իրեն ծառայող խմբավորումներից Լիբիա տեղափոխել էր 18 հազար վարձկան գրոհային որոնցից հետ՝ Սիրիա վերադարձել է 10 հազարը։ Արդեն մեկ ամիս է, ինչ նա չի իրականացնում գրոհայինների դուրսբերում։ Ավելին, Լիբիայում գործող ազգային համաձայնության կառավարությունում շրջում են խոսակցություններ, որ մտադիր է ստեղծել Լիբիայում ռազմական բազա։
Սա ինչ խոսք, նաեւ ԱՄՆ-ին եւ Եվրոպային ուղղված դեմարշ է, սակայն նաեւ ունի մեկ նյուանս, կարող է հակաթուրքական նոր սանկցիաների դուռ բացել, ինչը Անկարայի համար ցանկալի չի լինի, առանց այն էլ ճզմվող տնտեսության պայմաններում։ Նոր սրացումը կնշանակի նոր փախստականներ։ Սա Եվրոպայի համար ձեռնտու չէ։ Սակայն Ամերիկայի համար՝ մեղմ ասած միեւնույնն է։ Ու եթե Եվրոպան նույնիսկ փորձի ավելի մեղմ լինել, Լիբիական սրացման հարցում Բայդենի կաբինետը, հաստատ, մեղմ չի լինի։ Գլխավոր հարցը սա է՝ կունենա Էրդողանը այդ համարձակությունը արդեն Բայդենի կաբինետի օրոք ռազմական ավանտյուրա սկսելու։