Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ գողանում են Թալին քաղաքի տարբեր թաղամասերում կայանված, հիմնականում` «Մերսեդես» մակնիշի մեքենաների կողային հայելիներ։
Բաժնի քրեական հետախույզներն անցան տեղեկությունները ճշտելու միջոցառումներին, ապա ձեռնամուխ եղան գողությունների բացահայտմանը։ Թալինի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված 23-ամյա երիտասարդը, որը Երևանի բնակիչ է, հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ երիտասարդը Արագածոտնի մարզի տարբեր բնակավայրերում դարձյալ մեքենաների հայելիներ է գողացել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին գողացված հայելիներից երկուսը, որոնք երիտասարդը չէր հասցրել վաճառել։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։