ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը «Եռաբլուր» պանթեոն է այցելել զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու եւ նաեւ տեսնելու, թե զոհվածների ծնողներին ինչով կարող է աջակցել: Այս մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց «Եռաբլուր» պանթեոնում:
«Մեզ պետք է ժամ առաջ այս վարչախմբից ազատվել, որ կարողանանք օր առաջ մեր բանակը կարգի հրավիրենք, որովհետեւ ցաքուցրիվ եղած է: Սենց հանգիստ չի կարելի հողերը թողնել իրենց»։
Դիտարկմանը, որ նաեւ նախկիններին են մեղադրում, որ 30 տարի շատ քիչ բան է արվել բանակի ու զենք գնելու համար, նախկին պատգամավորն ասաց. «Նախկինները հող չեն հանձնել: Եթե նախկինները ստորագրած լինեին, նախկինում կտային: Նաղդի մասին ենք խոսում: Փաստն այն է, որ ոչ մի բանի պատրաստ չեն եղել: Պատերազմը կարող էին րոպե առաջ կանգնացնել: Գոնե տղերքին պետք է պատրաստեին, ոչ թե պարգեւավճարներ բաժանեին ու լափեին, այդ տղաներին ֆինանսավորեին, որ կարողանային պատրաստված կռվի դաշտ մտնեն»:
Ինչ վերաբերում է պնդումներին, որ բանակը 30 տարի թալանվել է, նախկին պատգամավորն ասաց. «Գլուխները պատով են տվել: Չտեսանք ոչ մի ապացույց թալանելու հետ կապված»։
Իսկ հողերի հետ կապված, էդ հողերն իրենց պապաների տնից չէին բերել, որ նստած, մի ստորագրությամբ տալիս են: Բա էդքան ժողովրդին ի՞նչ են անելու: Մարդիկ իրենց տները վառում, դուրս են գալիս»:
Առաքել Մովսիսյանը համոզմունք հայտնեց, որ պատերազմը ընդհուպ մինչեւ հաղթել էր հնարավոր, եթե ճիշտ կազմակերպեին. «Հաղթելը նա էր, որ գոնե տեղում կմնայիք: Դա էլ էր հաղթանակ լինելու: Չէր կարելի տղաներին ցաքուցրիվ բերել, լցնել, տեր ու տիրական չկա, մարդիկ չգիտեն՝ ով պետք է իրենց ղեկավարի»։
Նշենք, որ Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Այսօր ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին կմասնակցեն նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Եռաբլուրում» են հավաքվել բազմաթիվ ազատամարտիկներ։