Ես նույնպես Հայկ Մարությանից գոհ եմ։ Այս մասին այսօր Azatutyun.am–ի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Մենք այն ծրագրերը, որ իրականացրել ենք, միասին ենք իրականացրել, այդ ծրագրերը թիմային աշխատանքի արդյունք էին։ Չենք կարող ասել, որ դա մեկ հոգու արժանիքն է»,– ասաց նա։
Քաղաքապետը նշեց, որ Հայկ Մարությանի հետ նորմալ, գործընկերային հարաբերություններ են ունեցել և կարծում է, որ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն։ «Ես ենթադրում եմ, որ ինչ–որ զանգեր եղած կլինեն, եթե պարոն Մարությանն ասել է։ Բայց այն գործողությունները, որոնք միջնորդել են անել, չեմ կարող ասել իրավաչափ է, թե ոչ»,–ասաց նա։
Հրաչյա Սարգսյանը նշեց, որ քաղաքապետի որոշ տեղակալներ որոշում ունեն, որ պետք է հեռանան, Լևոն Հովհաննիսյանը կընտրվի որպես առաջին տեղակալ։ Նա հստակեցրեց, որ ինքը չի ասել, որ հեռանան, այլ տեղակալները Հայկ Մարությանի հետ են եկել և որոշել են հեռանալ։
Ինչ վերաբերում է տեղակալներից Կամո Արեյանի հետ աշխատելուն, նա ասաց, որ այդ հարցը դեռ կքննարկեն։ Քաղաքապետը տեղեկացրեց, որ Տրանսպորտի վարչության, շինբարեկարգման վարչության ղեկավարները դիմում են ներկայացրել, որ հեռանան։ Չնայած դրան, նա նշեց, որ կարդային ջարդ, որպես այդպիսին, չկա, բայց պետք է բովանդակությանը շատ ուշադրություն դարձնեն, ոչ թե ձևին։
Հրաչյա Սարգսյանը նշեց, թե կարծում է, որ Երևանի քաղաքապետարանում ինստիտուցիոնալ փոփոխություններ պետք է իրականացնեն զուտ կառավարման տեսանկյունից, քանի որ քաղաքացիների և քաղաքապետարանի միջև խզվածություն կա։ «Ես կարծում եմ, որ այն աշխատանքը, որը կիրականացնեմ, քաղաքացիները կտեսնեն քաղաքը լա՞վ եմ կառավարում, թե լավ չեմ կառավարում»,–ասաց նա և նշեց, որ ևս համամիտ է, որ Ֆեյսբուքով չեն կառավարում։
Անդրադառնալով ԱԺ նախագահի համար գնված նոր ավտոմեքենային՝ Հրաչյա Սարգսյանն ասաց․«Ես կարծում եմ, որ ժամանակավրեպ էր այդ մեքենայի ձեռքբերումը, թե կոնկրետ ինչ մեքենա պետք է լինի, ինչ մակնիշի, կարծում եմ, որ դա քննարկման առարկա պետք է լինի։ Ես չգիտեմ այդ ծախսը իրականացնելը որքանով էր արդյունավետ, որքանով ոչ, դա պետք է կառավարչական գնահատական տալ»,– ասաց նա։
Երևանի քաղաքապետը նշեց, որ անձամբ ինքը վարել չգիտի և ծառայողական մեքենայից կշարունակի օգտվել։ Նա նաև հայտարարեց, որ պարգևավճարներ չի ստանալու, բայց նախկինում, երբ աշխատավարձերը ցածր էր, ստացել է պարգևավճարներ։
Նա հայտնեց, որ քաղաքապետ դառնալու առաջարկը միանգամից չի ընդունել։ «Հայկ Մարությանի հետ նաև զրուցել եմ, և նա ասեց՝ ինչ որոշում էլ, որ ընդունես՝ ես կընդունեմ»,–ասաց նա։