«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում երեկ արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահ։ Դատապարտյալն ընդամենը 40 տարեկան էր: Հաղորդագրության մեջ Քրեակատարողական ծառայությունը նշում է, որ ունեցել է խրոնիկ հիվանդություններ, երկար ժամանակ գտնվել է բանտի բժիշկների հսկողության տակ։ Իսկ թե հիվանդության պատճառով ինչու չեն ազատել` մարդուն հասցնելով մահվան, չեն գրել:
Արձանագրենք, որ տարեկան մի քանի նման դեպք է լինում, երբ անձը, առողջական խնդիրներով գտնվելով կալանքի տակ, մահանում է հենց բանտում։ Նման մարդիկ դիմում են տարբեր միջոցների` իրենց խոսքը տեղ հասցնելու համար, ընդհուպ՝ ինքնավնասման եւ հացադուլի, սակայն պատկան մարմինները ո՛չ ուշադրություն են դարձնում, ո՛չ էլ փորձում են բժշկական օգնության մակարդակը գոնե բարձր որակի հասցնել։
ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ Արայիկ Զալյանը, որը «Վանաձոր» ՔԿՀ-ում է մշտադիտարկում իրականացնում, ասաց, որ համապատասխան կարգ գոյություն ունի, որի շրջանակում, եթե անձինք տառապում են այն հիվանդությունններով, որոնք կալանքի հետ անհամատեղելի են, պետք է ներկայացվեն ազատման․
«Տվյալ դեպքում հարցը պետք է ուսումնասիրվի։ Կոնկրետ խնդիրը՝ բժշկական, մասնագիտական մեր դաշտում է գտնվում, այսինքն՝ առկա է համապատասխան որոշում, որտեղ թվարկված են այդ հիվանդությունները։ Երբ անձի մոտ ի հայտ է գալիս հիվանդությունը, այն ներկայացվում է համապատասխան հանձնաժողովին, որի գործառույթն է՝ համեմատել տվյալ իրավական ակտի եւ առկա հիվանդության կապը, հիմքերը լինելու դեպքում ուղղակի պատժից ազատում են։ Մենք տարիներ առաջ ունեցել ենք դեպքեր, երբ նույն խնդիրն էր, եւ այդ խնդիրների մասին մենք բարձրաձայնել ենք․ խոսքն անհատական եւ համակարգային խնդիրների մասին է։ Վերջին մի քանի ամիսներին ահազանգեր չենք ստացել, բայց դեպքը, որը նշում եք, կդառնա դիտորդական խմբի ուսումնասիրության առարկան, եւ դրանից հետո եզրահանգումներ կանենք»։
Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով դեպքին, ասաց․ ««Բժշկական ծառայություններ» ՊՈԱԿ-ն ամեն անգամ տալիս է իր զեկույցները եւ մասնագիտական կարծիքը, եւ եթե կարգ սահմանված լիներ անձի համար, ապա դա կգտնվեր։ Չեմ կարող մանրամասներ մեկնաբանել, եթե անհրաժեշտություն լիներ, եթե ինչ-որ կարիք լիներ անձին հիվանդանոցում պահելու, կամ ազատության մեջ գտնվեր հիվանդության պատճառով, կգտնվեր»։
Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ նշեց, որ թեպետ կոնկրետ դեպքին ծանոթ չէ, սակայն իր պրակտիկան ցույց է տվել, որ հաճախ պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում․ «Դեպքեր եղել են, որ բողոքել ենք, վիճարկել ենք, պահանջել ենք»։ Ստացվում է՝ մահացած անձի գործը քննող մարմինները, աչքի առաջ ունենալով մի շարք դժբախտ օրինակներ, դասեր չեն քաղել եւ, ունենալով կալանավոր, որը խրոնիկ հիվանդություններ ունի, խափանման միջոցը ժամանակին չեն փոխել, ու հերթական կալանավորի մահն ունենք, որը մնաց իրավապահ համակարգի խղճին: