Այսօր պոետ, հրատարակիչ, թարգմանիչ, հասարակական գործիչ Եղիշե Չարենցի ծննդյան 126-ամյակն է։
«Չարենցի մուտքը հայ գրականություն շռնդալից էր, ստեղծագործական ընթացքը՝ աննախադեպ, բաժին հասած ճակատագիրը՝ ողբերգական։
Խառնվածքով բուռն, ըմբոստ, հարափոփոխ, խորը աշխարհայացքի տեր անհատականություն, ով դարձավ 20-րդ դարի հայ գրական-մշակութային կյանքում ապրող ու ապրեցնող ստեղծագործ անհատը։
Համադրելով ազգայինն ու համամարդկայինը, արևմտյան ու արևելյան հին ու նոր գրական ավանդույթները՝ իր կարճատև՝ 25-ամյա ստեղծագործական կյանքի ընթացքում Չարենցը սկիզբ դրեց մի նոր գրական, մշակութային, հրատարակչական շարժման, որն, իրավամբ, չարենցյան է՝ «ժամանակի շունչը դարձած», «աշխարհների հրով այրված», «արևներին նոր տեմպ ու ուղի տված»։
Այսօր էլ ամեն օրվա հետ սկսվում և ավարտվում է չարենցյան արևավառ մի պատմություն, որը պատմում է Չարենց ինքնատիպ մարդու, ստեղծագործող անհատի, մեծ մտածողի մասին»,- նշում են Չարենցի տռուն-թանգարանից։
«… Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը». Հրանտ Մաթևոսյան
Պոեզիան էլ կռիվ է, բա ի՛նչ … Գրողը պետք է ամեն ձևով գրի և արտահայտի իրեն։
Եթե թշնամիներս հավանում են իմ արած քայլը, նշանակում է՝ ես սխալվել եմ:
Որքան էլ փոքր լինի մի ժողովուրդ և նրա գրականությունը, վերջինս չի կարող չունենալ ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգը, այն, որ հատուկ է միմիայն տվյալ գրականությանը և նրա լավագույն ներկայացուցիչներին… Որպես օրինակ՝ ես վերցնում եմ հայկական պոեզիան՝ նրա անցյալով և ներկայով…