Մյունխենի դատարանը Գերմանիայի քաղաքացի Ռոման Հ-ին դատապարտել է 14 տարի 6 ամիս ազատազրկման երկու սպանության գործով. դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել կնոջ և դստեր սպանության համար, սակայն սպանվածների մարմինները չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով գերմանական Bild- ին:
Ռուսաստանի քաղաքացի կնոջ և նրա դստեր սպանության համար մեղադրվող Գերմանիայի քաղաքացու դեմ դատավարությունը սկսվել է 2020 թվականի հոկտեմբերին: Գերմանացուն մեղադրանք է առաջադրվել կրկնակի սպանության գործով: Հետաքննության համաձայն, բնակարանում գտնվող տղամարդը անձնական թշնամանքից ելնելով նախ սպանել է իր կնոջը, ապա խորթ դստերը։ Տղամարդը սպանվածների մարմինները տեղավորել է կնոջ մեքենայում և տարել անհայտ ուղղությամբ, ապա մաքրել տան պատերն ու ներկել դրանք: Լսումների մեկնարկի պահին դիակները հայտնաբերված չեն եղել։
Տղամարդու ազատազրկման որոշումը կայացվել է ապացույցների հիման վրա, սակայն դիակները այդպես էլ չեն հայտնաբերվել։ Ռոմանի հայրը պնդել է, որ տղան անմեղ է՝ նշելով, որ կինն ու դուստրը կարող էին ՌԴ մեկնած լինել։
2019 թվականի հուլիսի 18-ին Բեռլինի Ռուսաստանի դեսպանատունը հայտնել էր, որ Մյունխենում անհետացել են Ռուսաստանի երկու քաղաքացի, իսկ քաղաքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Կասկածյալը պնդել է, որ 41-ամյա Մարիան և նրա 16-ամյա դուստր Տատյանան, հուլիսի 13-ին ժամը 14-ին բնակարանից դուրս են եկել և այդ ժամանակվանից կապի մեջ չեն եղել իր հետ: