Բացահայտումներ Ալեքսանդրապոլ-Լենինականից
Բացահայտումներ Ալեքսանդրապոլ-Լենինականից․ Մեր բոլորիս սիրելի ճեմափողոցը նախկինում
Քաղաքի կենտրոնական մասի և հայտնի փողոցներից մեկի մասին ևս մեկ հետաքրքիր բացահայտում։ Այս անգամ թիրախում ներկայիս Ռիժկովի, նախկինում Կիրովի անունը կրող փողոցն է։ Մինչև 1926թ-ի երկրաշարժը այդ վայրում, բլրակի վրա է եղել «Դեզերտիրսկի բազար» անունը կրող շուկան։ Ուր երկանյքով եղել են տասնյակ քարաշեն և նույնիսկ փայտաշեն խանութներ, կրպակներ, չայխանաներ և երկու ճաշարան։ «Դեզերտիրսկի բազարում» հիմնականում վաճառել են հագուստներ, հին իրեր, կոշիկներ և այլն։
1926թ-ի երկրաշարժից հետո այդ վայրում որոշում են կառուցել նոր փողոց ու բանվորների համար նախատեսված բնակելի շենքեր։ Բլրակը հարթեցրել են, քարերն ու հողը մաքրել են ու մոտ 40 մետր լայնությամբ փողոց են կառուցել։
Փողոցը կառուցապատելուց հետո այն կոչվել է «Նոր բուլվար»։ Իսկ 1934թ-ին բոշևիկյան առաջնորդներից՝ Սերգեյ Կիրովի սպանությունից հետո, որոշում են փողոցն անվանակոչել նրա անունով։ Մինչև 1970-ականները Կիրովի փողոցը երթևեկելի էր, իսկ 1978թ-ից փողոցը դարձավ ճեմափողոց։ Արդեն 1990-ական թվականներին Կիրովի ճեմափողոցն անվանափոխվեց Ռիժկովի անունով։