Լաչինի միջանցքի փակվելուց անմիջապես հետո Արցախում մահերի թիվն ավելացավ, հավանաբար վախից ու խուճապից էր։ Այս մասինAmbion-news-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ռիտուալ սերվիս» կազմակերպության տնօրեն Լիլիթ Բալայանը։
«Շրջափակման սկզբում նաև հիվանդներ կային, որ չէին կարողանում Երևան տեղափոխել, իրենք են մահացել, որը նպաստեց մահերի թվի ավելացմանը»,-ասաց Բալայանը։
Արցախն արդեն ավելի քան մեկ ամիս է շրջափակված է։ Ադրբեջանցիներն ապօրինի կերպով փակել են Արցախի կյանքի ճանապարհը՝ կտրելով կապը Հայաստանի հետ: Շրջափակումը խնդիրներ է ստեղծել երկրում նաև հուղարկավորությունների կազմակերպման հարցում.
«Սգո ծառայության համար նախատեսված ավտոմեքենայի վառելիքի խնդիր կա, հատուկենտ դագաղ է մնացել, որտեղ դագաղ էին վաճառում, հիմա գրեթե չկա, վերջացել է, և եթե այսպես երկար տևի՝ դագաղ էլ չենք ունենալու»,-ասաց Բալայանը, ավելացնելով, որ մասնագետներ, իհարկե, կան, ովքեր կարող են դագաղ պատրաստել, բայց դրա համար հումք չկա։
Լիլիթ Բալայանի խոսքով՝ Արցախի ավանդույթի համաձայն մահացած մարդկանց ոչ թե սգո սրահներ, այլ տներ են տանում։ «Հուղարկավորությունների ժամանակ հաց տալու հետ կապված արդեն սահմանափակումներ կան, ընտանիքները 10-15 հոգով են կազմակերպում, բայց եթե անգամ արգելված էլ չլինի, սնունդ չկա, հաց տալը բացառվում է»,-նշեց Բալայանը՝ հավելելով՝ «այնքան որ տնից վերցնում են, տանում գերեզմանատուն»։
Մեր զրուցակիցն ամփոփեց՝ եթե այս իրավիճակը երկար շարունակվի, անշուշտ հուղարկավորությունների մասով ևս երկրում լուրջ խնդիրներ են առաջանալու։