ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հերքեց այն տեղեկությունը, թե իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար գլխավոր դատախազությունը պատրաստվում է միջնորդությամբ դիմել ԱԺ։
«Հերքում եմ այս տեղեկությունը, ես երբևէ որևէ պատճառ չեմ տեսել նման միջնորդության համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Թորոսյանը՝ խոսելով «քովիդի» ժամանակ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակման գործի մասին։
Նա նաև հայտնեց, որ չի պատրաստվում մանդատը վայր դնել, որևէ հիմք չկա դրա համար։
Ա.Թորոսյանը նշեց, որ իր հետ ընդհանրապես որևէ կապ չունի և չի կարելի նման ձևակերպումներ անել, թե «իմ նկատմամբ ինչ-որ գործողություններ»։
«Շատ հստակ իմ երկու հաղորդագրությունների մեջ կետերով նշել եմ պրոբլեմների վերաբերյալ և հույս ունեմ այն մարմինները, որոնք այդ պրոբլեմներով զբաղվում են, նաև իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել և, ի վերջո, արդարադատությունը կհաղթի։
Այն մեղադրանքները, որոնք գրված էին այդ տեքստի մեջ, որևէ կերպ չէին կարող առնչվել դուրսգրման տրիաժ խմբերի ղեկավարին, որևէ փոխնախարարի, որովհետև նման վեահսկողական գործառույթ նրանք չեն ունեցել և չէին կարող ունենալ, բացառությամբ այն դեպքերի, եթե դա հատուկ կազմակերպված ինչ-որ հանցավոր խումբ չէր աշխատում, ինչի վերաբերյալ ապացույցներ այս պահին առնվազն ես չգիտեմ, որ կան։ Այդ հրապարակման մեջ լրիվ այլ բանի մասին էր խոսվում, ինչի վերաբերյալ հայտարարություն եմ արել։
Պետք է այդ բոլոր հարցերը պատասխան ստանան, այլապես կստացվի, որ ցանկացած պաշտոնյայի ինչ-որ բան չանելու համար կարելի է դատել անկախ նրանից՝ ինչ որ բան ինքը պետք է աներ, թե չպետք է աներ»,- ասաց Թորոսյանը։
Նա հայտնեց, որ իրեն չեն կանչել հարցաքննության։
«Ինձ ու գործող առողջապահության նախարարին հարցեր տալու դեպքում այս մեղադրանքն ընդհանրապես առ ոչինչ կդառնար, չնայած որ արդեն առ ոչինչ է», — ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ չգիտի, թե ինչու իրեն չեն կանչել հարցաքննության, չնայած բազմիցս տարբեր խողովակներով փոխանցել է, որ պատրաստ է հարցաքննության, հիմա էլ պատրաստ է։
«Հրապարակումիցս հետո էլ նույնիսկ էլի չեն կանչել»,- ասաց նա։
Ա. Թորոսյանը նշեց, որ ամբողջությամբ կասկածի տակ է դնում Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել էին ինչպես Գ. Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:
Գործը վերաբերում է ՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարության կողմից հատկացված ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամից նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամի հափշտակությանը։
Հիշեցնենք՝ այդ տարի ԱՆ նախարարն էր Արսեն Թորոսյանը, իսկ ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարարն էր։
Այս գործով դատարանի որոշմամբ կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, նույն ԲԿ-ի փոխտնօրեն, նախկինում ավագ բուժքույր Լիլյա Հովակիմյանը, Երևանի փոխքաղաքապետ, նախկինում առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Դատարանը խափանման այլընտրանքային միջոց՝ տնային կալանք է կիրառել «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ, որը, ըստ մամուլի հրապարակումների, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի ընկերուհին է։