Արսեն Թորոսյանը Անահիտ Ավանեսյանի զեկույցում սխալներ է գտել
«2022 թվականի զեկույցում մաթեմատիկական սխալ կա»,- ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացումից հետո ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ զեկույցում 2022 թվականի ընդհանուր դեպքերի թիվը նշված է 786 864, հաջորդ նախադասության մեջ գրած է՝ 2018 թ. համեմատ սպասարկված դեպքերի թիվն աճել է 287 825-ով կամ 125 տոկոսով։
«Ուրեմն, նախ լավ կլիներ իմանալ, թե 2019, 2020, 2021 թվականներին ինչքան են եղել, երկրորդ՝ եթե համեմատում ենք, աճ 57 տոկոս է լինում, ոչ թե 125 տոկոս։ Ենթադրում եմ՝ սխալ է, բայց կարևոր սխալ է, որովհետև չես հասկանում, ի վերջո 125 տոկոսո՞վ, որը երկու և ավելի անգամ աճ է, թե այլ աճ է։ Սա շատ կարևոր է»,- ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ 2022 թվականի վիճակագրական կոմիտեն ամփոփել է մանկական մահացության դեպքերը. «Եթե ես վերցնում եմ զեկույցի 0.2 պրոմիլեով իջեցված թիվը, որն, ի դեպ, տարօրինակ է, որ գրված չէ, ինչ թիվ է, կարդացողը չի հասկանում ինչքան է։ Հասկանում եմ, որ խմբագիրները մասնագետներ չեն, բայց, ինձ թվում է, վերջնական հաստատումը դուք պետք է տաք, որ հասկանալի լինի»։
Նա խնդրեց ուղղել սխալները։