Ամփոփեցինք Մալաթիա-Սեբաստիա շրջայցը՝ նաև հանդիպելով Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով՝ ուրախ է, որ այս հանդիպումների արդյունքում կարողացել են մի շարք խնդիրների լուծումներ տալ:
- Կբարեկարգվի 82 մանկապարտեզի բակը:
- Կվերանորոգվի Էներգետիկների թաղամասի մանկապարտեզը և կբարեկարգվեն բակն ու ֆուտբոլի դաշտը:
- Կբարեկարգվի նաև Արարատյան զանգվածում գտնվող 152 դպրոցի բակը:
- Վահան Զատիկյանի անվան մարզադպրոցը, որ գտնվում է անմխիթար վիճակում, ամբողջությամբ կվերանորոգվի:
- Օրբելյանի անվան արվեստի դպրոցի շինության տարածքը կընդլայնվի՝ ապահովելու երաժշտական կրթություն ստացող երեխաների հարմարավետ ուսումը:
- Հարավ-արևմտյան թաղամասի մի շարք հասցեների կոյուղատարեր ամբողջությամբ կփոխարինվեն:
«Հաղթանակ թաղամասում վերջին 30 տարիների ընթացքում կուտակված խնդիրները բազմաթիվ են, բայց կարողացանք բնակիչների հետ քննարկումների արդյունքում լուծումներ գտնել: Այստեղ նաև կառուցելու ենք մայթեզր 1-ին փողոցում, որը թաղամասի ստեղծման օրվանից պարզապես չի եղել»,- գրել է Ավինյանը: