«Առավոտի» խմբագրակազմը կորցրել է իր յութուբյան ալիքի նկատմամբ հասանելիությունը, ինչ-որ մարդիկ տիրացել են դրան ու ջնջել բոլոր տեսանյութերը: Սյս մասին ահազանգել է «Առավոտ» օրաթերթի առցանց տարբերակի` Aravot.am կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը:
««Առավոտն» հրապարակել էր հետեւյալ անոնսը․ Մեր օրեր- #Հարստացածհեղափոխականները
Ինչպե՞ս և որքա՞ն հարստացան հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում, պատերազմի տարում: Ովքե՞ր են մեր օրերի «Չախչախ թագավորները»:
Եվ մարտի 14-ից` ժամը 19.46–ից սկսած՝ մենք կորցրինք մեր յութուբյան էջի նկատմամբ հասանելիությունը։ Մինչ կհաջողվի կամ չի հաջողվի վերականգնել այն՝ նախապես հայտարարում ենք, որ այս պահից ինչ կհայտնվի մեր յութուբյան էջում՝ «Առավոտի» հետ կապ չունի:։
Հավելում․ Այս պահին մեր ալիքի անունը փոխել են, ու հերթով ջնջում են տեսանյութերը։ Ի դեպ, դեռեւս «հրաշքով» պահպանված են ՔՊ–ականների տեսանյութերը։
Եվս մի հավելում՝ ջնջեցին անխտիր բոլոր տեսանյութերը», — նշված է նրա գրառման մեջ։
Նկատենք, որ լրատվամիջոցի լրագրողը վերջին երկու ասուլիսներում բավական ուշագրավ հարցադրումներով էր աչքի ընկել` խնդրելով հասկանալ, թե որն է իրական ու որը կեղծ Փաշինյանը, եւ որն է լինելու նրա պատիժն այս երկրային կյանքում: