Աշոտ Հովսեփյանն այս պահին Գյումրիի բժշկական կենտրոնում է, վերջին տեղեկություններով բուժհետազոտություն է անցել։ Այս մասին ambion-news.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։ «Հետազոտության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է շաքարային դիաբետ, բարձր զարկերակային ճնշում, մի շարք այլ հիվանդություններ։ Նա նաև բարձր ջերմություն ունի, որի պատճառով ապահովության համար նաև նրանից COVID 19-ի թեստ են վերցրել, այժմ սպասում ենք դրա պատասխանին»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ գիշերը հետաձգվել էր ավելի քան 30 քաղաքացու ալկոհոլային ինտոքսիկացիայի գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունը։ Կասկածյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց:Անդրադառնալով նիստի շարունակությանը՝ փաստաբանն ասաց, որ տրամաբանորեն այն պետք է հետաձգվի, քանի դեռ Հովսեփյանը չի առողջացել, որպեսզի կարողանա մասնակցել նիստին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ալկոհոլային ինտոքսիկացիայի պատճառով մահացել էր 14 մարդ։ Այս քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ: