Անտարկտիդայից պոկվել է հսկա սառցաբեկոր, որը գրեթե Լոնդոնի չափ է։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի անտարկտիկական ծառայությունը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Հսկայական սառցաբեկորը (1550 կմ²), գրեթե Լոնդոնի չափ, պոկվել է Անտարկտիդայի Բրանտ սառցադաշտից: Այն պոկվել է այն բանից հետո, երբ վերջին մի քանի տարիների ընթացքում բնական ճանապարհով հայտնված ճաքերը տարածվել են սառցադաշտի ամբողջ երկայնքով»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ սառցաբեկորի հաստությունը մոտ 150 մետր է։ Գիտնականներն էլ տարիներ շարունակ հետևել են, թե սառցադաշտում ինչպես են ճաքեր առաջանում:
Ըստ ծառայության՝ մեկ տարի առաջ սառցադաշտից պոկվել է 1270 քառակուսի կիլոմետր մակերեսով սառցաբեկոր:
Սառցադաշտի վրա, որտեղից պոկվել է սառցաբեկորը, կա դեպարտամենտի գիտահետազոտական կայան։ Գիտնականները հայտնել են, որ իրենց տեղակայման տարածքը չի տուժել։ Ըստ հետազոտողների՝ սառցադաշտն ունի բարդ կառուցվածք, և պոկվելու հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։