Ցույցեր, իշխանափոխության պահանջ, ձերբակալություն, քաշքշուկ…եկեք մի պահ դուրս գանք այս ամենից ու փորձենք հասկանալ այն խայծը, որ իշխանությունը դրեց շրջանառության մեջ, հետո էլ հարակից թեմաներով փորձեց ուշադրություն շեղել, որպեսզի շատ չկենտրոնանանք այդ հույժ կարևոր խնդրի վրա: Այս մասին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հաղորդման հեղինակ Աբրահամ Գասպարյանը։
Նա անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հնարավոր հաշտությանը, ՀՀ իշխանությունների քայլերին ու հասարակական տրամադրություններին․ «Մենք կարո՞ղ ենք հաշտություն կամ խաղաղություն կնքել նրանց հետ, թե՞ հավերժական թշնամինե՛ր պիտի մնանք, կամ ո՞ր պայմաններում է հնարավոր հասնել հարաբերության ինչ-որ ձևաչափի, ի՞նչ գնով, ի՞նչ զոհողությամբ, թե՞ հիմա ֆեյսբուքի դարում՝ իշխանության նման պետք է անջատենք գիտակցության ու արժանապատվության կոճակն ու ասենք՝ մենք մեծահոգի ենք և առաջին քայլը մե՛նք ենք անում:
Անցնող շաբաթվա ընթացքում երևի մի 3-4 անգամ տարբեր վերլուծականներով անդրադարձա այս խնդրին, բանից պարզվում է՝ մեր իշխանությունը, սովորույթի ուժով, փակել է ականջներն ու ինքնավստահ իրե՛նն է առաջ տանում՝ առանց խորհրդակցելու, լսելու, մտորելու, քննարկելու կամ քննադատություն լսելու: Նախ՝ պարզ ձևակերպեմ խնդիրը՝ ՀՀ իշխանությունը աշխատում է մի փաստաթղթի վրա, որով մեր պետությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություն կհաստատի, կամ հաշտություն կկնքի…ինչ ուզում եք անվանեք:
Փաստաթուղթը աշխատանքային է, դրաֆտ տարբերակով, չունեմ ձեռքիս տակ, այլապես՝ կցուցադրեի…բայց խորհրդարանի ու կառավարության տարբեր նախարարությունների գրասենյակներո՛վ է անցնում…լրագրողին չեն հարցնում ինֆորմացիայի աղբյուրը, բայց ես կասեմ՝ հենց իշխող կուսակցությունից են ինձ տեղեկացրել:
Հիմա՝ պարոնայք ու տիկնայք իշխանավորներ: Ձեզ որ ներշնչում եք ու ամեն քայլափոխի՝ պատեհ-անպատեհ խոսում եք լեգիտիմության ու ժողջանի մասին, մեկ-մեկ շունչ քաշեք: Որ ձեզնից բացի բոլորին մեղադրում եք ու ասում, որ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք, նախընտրելի կլիներ առաջինը դու՛ք հետևեք այդ խորհրդին:
Այս պատերազմում ժողովուրդը չէ որ պարտվեց, ոչ էլ բանակը, ոչ էլ պետությունը…պարտվեցիք դուք՝ իշխանությունը: Ձեր զոմբիլենդի ֆեյքերի աշխարհից դուրս եկեք ու իջեք փողոց, մոտեցեք պարզ մարդկանց, մոտեցեք ու մեր քաղաքացուն հարցրեք՝ ինչ է մտածում թուրքի ու ադրբեջանցու հետ այս օրերին հաշտություն կնքելու ու ճանապարհ բացելու մասին:
Ի սեր Աստծո, չասե՛ք հանկարծ, որ իշխանությունից եք, որպեսզի իմանաք իրակա՛ն պատասխանը…հարցրեք ու ասեք մեր քաղաքացուն՝ այս օրերին թուրքի ոտքերը լիզողին ի՞նչ բառով կբնութագրեք…4
տառից բաղկացած հայտնի բառը կասեն…չէ, ուրիշ բան չմտածեք…կասեն՝ ապուշ: Քանի միայն ապուշը չի հասկանա, որ թշնամու հետ պարտված թիմով չե՛ն գնում բանակցության, միայն խա՛կը կամ կքանիստ դիրք սիրո՛ղը կգնա թուրքի առաջ ճանապարհ ու երկաթուղի կխնդրի, միայն պատերազմ տանուլ տված տգե՛տը կասի՝ Ղարաբաղը տվեցինք, լա՛վ ենք ապրելու:
Դուք չգիտեմ, բայց Հայաստանում ու Հայաստանով ապրողը լավ չի՛ ապրելու: Եթե հայրենիքը ձեզ համար հողաթումբ է, դաչա, որ փոխանակեք կամ ծախեք, մի ուրիշ տեղ նորն առնեք, ազգի համար այդպես չէ՛, ուստիև՝ ազգի անունից խոսելու փո՛րձ անգամ չանեք: Ձեզ այս հարցում ազգը ոչ թե կաջակցի՛, այլ կդատապարտի՛: Իսկ եթե, այդուհանդերձ, կորցնեք ձեր երեսի ջուրն ու ձեզ դնեք իբր նպատակասլացի ու սկզբունքայինի տեղ ու ասեք՝ մենք մեր ժողովրդին շնորհեցինք հպարտություն…այնտեղ ես ձեզ ծափ կտամ և կհիմնավորեմ ինչու:
Որովհետև պետության շահերը ոչ բոլորն են գիտակցում…ձեր իսկ սիրած հպարտ քաղաքացուց մինչև ՖԲ-յան քվեարկություններով ձեր ձևավորած իշխանությունը: Ազնիվ ու հայրենասեր մարդուն դուք ոչ կարող եք հպարտությու՛ն շնորհել, ոչ էլ, բնականաբար, խլե՛լ նրանից: Այնպես որ՝ ձեր շնորհած հպարտության կարիքն ունի ստրո՛ւկը, մեղկը, անհայրենիքը, որի համար միևնույն է՝ հայրենի հողի քանի՞ տոկոսն էլ չկա, Անկարայի ու Բաքվի դռների առաջ իր պետության ղեկավարներն ինչպե՞ս են չոքեչոք խաղաղություն աղերսում, միայն թե իր փորը կուշտ լինի:
Դուք ու ձեր նախատիպերն այսքան ժամանակ բողոքում էիք, որ ինչու՞ հայաստանցին պիտի ծառայի Արցախում…հարց չկա…հիմա թուրքին բերեցիք մեր քթի տակ…իսկ հարցրի՞ք այդքանը ձեր հպարտ ժողովրդին: Զազրախոսում է՞իք ամեն քայլափոխի, որ մեր տղերքը գնում են ղարաբաղցու համար են զոհվում, հարց չէ…վաղն էլ ասելու եք՝ երևանցին ինչու՞ պիտի գնա սիսիանցու համար կռիվ տա, կամ գյումրեցին՝ սևանցու համար: Սա՞ է ձեր որակը:
Բողոքում էիք 260 կմ սահմանի երկարությունի՞ց…ձեզ թվաց Արցախը հանձնելով չե՞նք ծառայելու…հարց չկա, սահմանը դարձրիք 530 կմ և մեր զավակները ոչ թե 2 տարի կծառայեն սրանից հետո, այլ երևի 3: Այսքանից հետո որևէ մեկդ իրավունք չունի խոսելու պետության, բանակի կամ ժողովրդի պարտության մասին:
Այդ դու՛ք եք պարտվել: Չգիտեմ որ մեկդ այս պատերազմի ընթացքում որ դիրքին է մոտեցել, բայց ինքս 25 օր լինելով այնտեղ…ճակատում և թիկունքում՝ հստակ կարող եմ ասել և սա թող ամբողջ աշխարհի հայությունն իմանա, թող Ադրբեջանն ու Թուրքիան է՛լ լսեն…հայն ու Հայաստանն այս պատերազմում չե՛ն պարտվել: Հայկական բանակը չի՛ պարտվել, հայ զինվորը ծնկի չի՛ եկել: Հայ զինվորն ընդհուպ Գանձակ ու Եվլախ կմտներ…այդ դու՛ք չթողեցիք, այդ դու՛ք նորմալ զորակոչ չարեցիք, ինչի իրավունքն ունեիք՝ թե սահմանադրությամբ, թե՛ օրենքներով:
Դուք կամավորականներին ուղարկեցիք սահման, որպեսզի իրենց գլխին կանգնած հրամանատարի զոհվելուց հետո՝ ստեղծվի քաոս, անկառավարելի վիճակ և ձեզ համար այն պատրվակ լինի ասելու՝ դե կռվեցինք, չստացվեց, իսկ չստացվեց, քանի որ նախկինները թալանել էին: Տղամարդկություն ունեցեք ձեր մեջ և Այբից Ֆե պատժեք բոլոր թալանածներին և ամեն քայլափոխի մեր ժողովրդին մի՛ փորձեք նվաստացնել: Դուք է՛լ շատ լավ գիտեիք մեր բանակի հնարավորությունները, ես հո տեսել եմ այդ 80-ականների զենքով ինչպե՜ս էր ճանճի պես ընկնում թշնամին: Հայ զինվորից ուժեղ, կամային ու բարոյական բարձր արժեքներ ունեցող զինվոր՝ հազվագյու՛տ կա աշխարհում և դուք դա շա՛տ լավ գիտեք: Հիմա ինչ…որ կանգնում եք իմաստակի կեցվածքով ու դատարկամիտ հայտարարություններով՝ մի նախադասության մեջ մի քանի անգամ ասում, որ մենք պետք է ընդունենք որ պարտվել ենք…որ ի՞նչ..իբր ի՞նչ…իբր խելոք մի՞տք եք ասում, մե՞զ եք համոզում, ուզում եք ժողովրդին համոզեք որ մենք թույլիկ ենք, տուզիկ, ինքներս մեզ չե՞նք կարող պաշտպանել…հետո էլ, որ մենք ասենք՝ ոչ, պատրաստի ձեր կլիշե պատասխաններով ողողեք սոցցանցերն ու ասեք՝ ահա, դուք սրիկաներդ պատերազմ եք ուզում, կամ էլ ձեր խեղկատակ ֆեյքերը լատինատառ գրեն՝ me8 varcapetin ban caseq, inqe mer Kristosn e…հասկանու՞մ եք, որ PR տեխնոլոգիաների այս հնարքները մի քայլանի են, հասկանում ե՞ք գոնե, որ ձեզ շատ շուտ կարելի է բացահայտել, որովհետև շատ սենտիմենտալ եք, մտածում եք՝ պարզունակ, շարժվում ռեֆլեքսով և այս ընթացքում՝ պարտադիր մոռացության եք տալիս՝ ազգ, հայրենիք, պետություն, նվիրում հասկացությունները, փոխարենը՝ ընտրազանգվածին կերակրում՝ սևերին ոչնչացնելու հիվանդագին մոլուցքով և ստելով, որ տնտեսությու՛ն եք վերականգնելու: Ի՞նչ է..հույսներդ ու՞մ վրա եք դրել…Բաքվի ու Անկարայի՞…դուք հավատում եք, որ եթե գնաք ու աղերսեք սահմանը բացեն՝ ձեր սև աչքերի սիրույ՞ն են անելու դա:
Ես չգիտեմ՝ դուք կյանքում քանի անգամ եք թուրք պաշտոնյա տեսել կամ շփվել-զրուցել նրա հետ, իմ փորձից մի քանի օրինակ բերեմ: Ծննդավայրիս բերումով շփվել եմ նաև թուրքերի, թուրքոմանների, քրդերի, արաբների, եզդիների, ասորիների, հրեաների ու Արևելքի գրեթե բոլոր ազգույթների ու ժողովուրդների հետ…ընդ որում՝ փոքր տարիքից և հենց նրանց մայրաքաղաքներում ու գյուղերում: Բոլորի առանձնահատկությունները գիտեմ, ի տարբերություն ձեզ:
Գիտե՞ք ինչ էին մտածում օրինակ՝ իմ և իրենց ոտքերի տակ թավալ եկող իմ մեկ այլ ծանոթի մասին: Նրան ծաղրում էին, նվաստացնում, քանի որ տոտալ ենթարկվում էր իրենց: Հենց Ստամբուլի կենտրոնում, մի քանի տարի առաջ, երբ իշխող կուսակցությունը AKP-ն խորհրդաժողով էր հրավիրել և ինձ, որպես քաղաքագետի հրավիրել էին զեկույցով հանդես գալու հայ-թուրքական հարաբերությունների թեմայով, մտքերս շարադրեցի գիտականորեն, հիմնավորեցի ու առանց անադեկվատ շարժումներ անելու՝ հայտարարեցի, որ ՀՀ-ը հարգում է իրեն, գիտակցում իր պետական շահն ու Թուրքիայից պահանջում նմանատի՛պ մոտեցում, որ Թուրքիան չի կարող ստանալ այն ինչ ուզում է, քանի հաշվի չի նստել Երևանի դիրքորոշման հետ: Ե՞վ: Եվ ելույթից հետո նրանց անվտանգության աշխատակիցները որ մոտեցան…իսկ ես լա՛վ գիտեմ Արևելքը, նրա հետախուզական ու անվտանգային ծառայությունների աշխատակիցների շարժը, նիստուկացը…նույնիսկ թեյ խմելու ձևի՛ց գիտեմ նրանց…այդ աշխատակիցները մոտեցան ու ամենայն հարգանքո՛վ էին ինձ հետ խոսում…որովհետև ես ինքս ի՛նձ եմ հարգում, որովհետև իմ պետության շա՛հն եմ առաջնային համարում, ոչ թե ընկնում եմ ձեզնից շատերի նման նրանց ոտքերի տակ, գոյության իրավունք աղերսում, որպեսզի հետո մի երկու միջազգային կենտրոնից դրամաշնորհ տան ու ասեն՝ ապրեք, դուք կոնֆետ եք, պուպուշ ու դեմոկրատ: Եթե իմ պետության անվտանգային շահերը չե՛ք արտահայտելու, չհամարձակվե՛ք թուրքի հետ խոսել մեր անունից:
Հա, մեկ էլ ձեզ խելոքի տեղ չդնեք…եթե դիվանագիտության մասին մի երկու գիրք եք կարդացել և այնտեղ տեսել եք, որ դիվանագիտություն նշանակում է ճկունություն, ուրեմն կիսա՛տ եք կարդացել կամ չե՛ք հասկացել գրածը: Ճկունությունը չի՛ ենթադրում անսկզբունքայնություն, անողնաշար ու անատամ քաղաքականություն: Այդ միայն թրեյնինգների կենտրոններու՛մ են ձեզ այդպես սովորեցնում: Տասը տարուց ավելի՝ այդ դուք՝ այսօրվա իշխանության ներկայացուցիչներիդ մեծ մասը, 10 տարի փող ստացաք, Լոնդոն ու Բուդապեշտ տեսաք, սեմինար ու թրեյնինգ արեցիք, որպեսզի Օքսֆորդից մի միջակ կոնֆլիկտաբան գա ու ձեր գլխուղեղում դաջի միտքը, որ Արցախը կույրաղիք է…պետք է վերադարձնեք: Ուզու՞մ եք ադեկվատ մարդուն հունից դուրս բերել:
Շատ պարզ ձև կա: 20 րոպե նայում ես աչքերի մեջ ու նրան ասում՝ դու գիժ ես, դու գիժ ես, դու գիժ ես…20-րդ րոպեին՝ նա կվերցնի սեղանին դրված շիշն ու կջարդի ձեր գլխին, այդ ժամանակ էլ լեգիտիմ իրավունք կունենաք ասելու՝ տեսա՞ք, որ նա ադեկվատ չէ:
Հիմա ձեզ էլ 10 տարի նույնն արեցին…գլուխներդ մտցրին այդ պարտվողական թեզերը, դուք էլ հավատացիք, որ եթե Արցախը տաք՝ կապրեք ժողովրդավար ու գերբարեկեցիկ երկրում, քիչ կծառայեք, կամ չեք ծառայի, Եվրոպայից էլ փողը կհոսի ջրի պես, կգնաք քիրվայություն կանեք թուրքի ու ադրբեջանցու հետ: Հայի ու թուրքի, Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման մասին մենք չենք խոսում: Հրապարակախոսական կամ վերլուծական ժանրից ես հենց հիմա կարող եմ դուրս գալ և մտնելով դիվանագիտության լեքսիկոնի դաշտ կարող եմ ա՛յլ որակի խոսակցություն ունենալ, որ մենք կողմ ենք հարաբերության առանց նախապայմանների, որ, որ…բայց այդ ամենից առաջ՝ ես պիտի ազգային արժանապատվությու՛ն ունենամ, պիտի գիտակցեմ նման քայլի գնալու գինը…3 տասնամյակ՝ չգնացինք այդ քայլին, քանի որ գիտակցում էինք այդ գինը…հիմա Արցախն այդքան էժան տվեցիք, մի հատ էլ ասում եք՝ գնում ենք Թուրքիա ու Բաքու՝ աջը համբուրելու՞:
Դուք սթափ ե՞ք, թե՞ ազդեցության տակ, թե՞ ամեն գնով պիտի ավարտին հասցնեք դժոխային այս ծրագիրը, որի առանցքում, ինչը և քիչ առաջ նշեցի՝ հայի ոգին կոտրելն է, հայի ուղեղը ֆորմատ անելը և պնդելը, որ մենք ռազմիկ տեսակ չենք, մենք խեղճ ենք, տկար ու անկարող, որ մեզ պետք չէ՛ ոգեղենը, մեզ դուխովն է՛լ է հերիք, որ հայագիտություն, մայրենի, պատմություն առարկաները մոդայիկ չեն, դրանով մասնագետ չես դառնում: Տղամա՛րդ պահեք ձեզ: Թրեյնինգների գնալու փոխարեն՝ Զարևանդ կարդացեք, Նաթալի՛ կարդացեք…ճիշտ է՝ այդքանից հետո նոբելյան մրցանակ չեք ստանա, բայց գոնե հարգանք կվայելեք:
Հայի թույլ լինելու մասին կարծիք՝ ո՛չ մի ազգ չունի…վստահեցնում եմ՝ ոչ մի ազգ: Տո նույնիսկ թուրքե՛րն են իրենց պորտալներում խոստովանում, որ Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու Բերձորը նվե՛ր էին Ադրբեջանին…հիմա գայլի գլխին Ավետարա՞ն եք կարդում: Ամբողջ աշխարհի հայությունը ոտքի կանգնեց 12 տարի առաջվա ֆուտբոլային դիվանագիտության ու տխրահռչակ արձանագրությունների օրերին…ընդ որում՝ այդ արձանագրությունները, եթե համեմատենք ձեր այս տխեղծ հայտարարության հետ, տասնապատիկ ավելի բարենպաստ էին…հիմա ինչ…ակնկալում եք, որ սա կսղացնեք ու կգնա՞, ժողովուրդը կմարսի՞…շա՞տ եք ինքնավստահ…այդ ո՞վ է ձեզ կուտ տվել ու ասել, որ Արցախը տվեք՝ Հայաստանին ձեռք չենք տա…»